Yerkir.am-ը գրում է.

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ վարչապետը ներկայացրեց, թե 2,6 տոկոս է եղել գնաճը, և դա սարասափելի չէ, սակայն առանձին ապրանքատեսակներ թանկացել են 30-40 տոկոսով:

«Ձեզ համար սարսափելի չէ, բայց մարդիկ վարկեր են վերցնում այդ թանկացումների պատճառով: Մեկ շաբաթ է անցել նախագահի հանձնարարականից, ի՞նչ է կատարվել այս ընթացքում, ի՞նչ բացահայտումներ են տեղի ունեցել»,- հարցրեց նա:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ գնաճը վերաբերում է սպառողական զամբյուղին, իսկ սպառողական զամբյուղն ընդգրկում է լայն սպառման ապրանքները և արտացոլում ազգաբնակչության սպառումը: «Երբ մենք ունենք առանձին ապրանքների թանկացումներ, որը ոչ ցանկալի երևույթ է, միևնույն ժամանակ ունենք գների նվազում մի շարք ապրանքների մասով: Ես նշեմ մի քանիսը, որոնք հակակշռում են թանկացած ապրանքներին, ինչի արդյունքում մենք ունենք 2.6 տոկոս գնաճ: Հավի մսի գինը նվազել է 22 տոկոսով, ձեթի գինը՝ 5 տոկոսով, բարձր տեսակի ալյուրի գինը՝ 6 տոկոսով, ոսպի գինը՝ 37 տոկոսով, հնդկաձավարի գինը՝ 52 տոկոսով, թթվասերի գինը՝ 4 տոկոսով և այլն: Սրանք ևս լայն սպառման ապրանքներ են, այս ապրանքների գները նվազել են և հակակշիռ են թանկացած ապրանքներին, որի արդյունքում մենք ստանում ենք 2.6 տոկոս գնաճ»,- նշեց փոխվարչապետը:

Վաչե Գաբրիելյանը նաև հայտնեց, որ բենզինի, դիզվառելիքի և սեղմված գազի շուկաներում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այս ապրանքատեսակների մասով թանկացումները, որոնք կապված են հարկային օրենսգրքով այդ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման հետ, սպասվածից շատ չեն եղել:

«Ստուգումներ են անցկացվել բոլոր գազալցակայաններում, ինչի արդյունքում միայն 7 գազալցակայանում է սեղմված գազի գինը 210 դրամի փոխարեն 220 դրամ եղել: Տվյալները փոխանցվել են տնտեսական մրցակցության պետական պաշտպանության կոմիտե, ինչից հետո այդ գազալցակայաններում ևս սեղմված գազի գինը սահմանվել է 210 դրամ»,- եզրափակեց Վաչե Գաբրիելյանը՝ շեշտելով, որ այս ոլորտներում տնտեսվարողների կողմից հարստահարման դեպքեր չեն գրանցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել