Yerkir.am-ը գրում է.

Ալեքսանդր Արզումանյանի օգտին կայացրած ՄԻԵԴ վճիռը աննախադեպ չէր մեր երկրի համար. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով՝ կալանավորման պրակտիկան մեր երկրում կատարելագործման կարիք ունի և շատ ժամանակ մարդու իրավունքները խախտվում են:

«Եվրոպական դատարանը հաստատեց, որ կալանավորման ընթացքում չեն պահպանվել կոնվենցիոն և օրենքի այլ պահանջները, թե Ալեքսանդր Արզումանյանի, թե այլ դեպքերում, որովհետև չեն հիմնավորվել կալանքի արտոնությունները», - ասաց Կոստանյանը: Հարցին` առաջին անգամ դեսպանին պետք է փոխհատուցեն նման գործով, Գևորգ Կոստանյանն ասաց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանդր Արզումանյանը վիճարկել էր իր իրավունքը ՄԻԵԴ-ում, դեսպան չէր: «Իսկ այն, որ վճիռ կայացվեց՝ դեսպան լինելով, դա նաև դրական նշանակություն ունի այն իմաստով, որ մեզ համար որևէ նշանակություն չունի ում իրավունքն է խախատվել՝ իշխանության մեջ գտնվող, թե չգտնվող անձի», - ասաց Կոստանյանը: Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Ալեքսանդր Արզումանյանն ընդդեմ Հայաստանի» գործով այսօր կայացրած վճռով սահմանել էր էր, որ Հայաստանը խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան և պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը երեք ամիսների ընթացքում Արզումանյանին վճարել 2500 եվրո գումար:

Արզումանյանն էլ հայտարարել էր, որ ՄԻԵԴ վճռով փոխհատուցման գումարները ստանալուց հետո դրանք կուղղի «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»:

Կոստանյանն անդրադարձավ նաև այն փաստին, որ ՄԻԵԴ-ը ՀՀ Վճռաբեկ դատարանն արդյունավետ պաշտպանության միջոց չի դիտարկում, Գևորգ Կոստանյանն ասաց, որ դա շատ մտահոգիչ է:

«ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանն այսօրվա իրավակարգավորման պայմաններում չի հանդիսանում արդյունավետ միջոց կալանավորումը որպես խափանման միջոց վիճարկելու գործերով: Դրա համար մենք օրենսդրական փոփոխություններ ենք կատարում, որոնք ուղղված են նրան, որ մենք այսուհետև նման խնդիր չունենանք», - ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել