1990 թ.-ի հունվարի 13-19-ը Բաքվում տեղի ունեցավ հայ բնակչության երրորդ խոշոր կոտորածը: Միայն իր ազգային պատկանելության համար տեղի շուրջ 200.000 հայ համայնքը ենթարկվեց բռնությունների, կոտորածի ու վտարվեց քաղաքից:

Մինչ այդ մոտ մեկ տարուց ավել ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները` հատկապես հեռուստատեսությունը, հեղեղված էին հակահայկական քարոզչությամբ, ինչը լուրջ հող նախապատրաստեց Ադրբեջանի մայրաքաղաքում հայ բնակչության ջարդերի համար:

Հայերի դեմ սկսած ջարդերին ակտիվ մասնակցում էին ադրբեջանցի մտավորականները: Վերջիններս վիրավորվել էին, որ հայերն ավելի բարձր պաշտոններ են զբաղեցնում, և հայերին էին պատկանում քաղաքի գրեթե բոլոր հարմարավետ տները:

Իրավապահ մարմինների աչքի առաջ հայերը հալածվում էին, ծեծի էին ենթարկվում: Հանցագործություն կատարողները չէին պատժվում: Շտապօգնության բժիշկներն օրերով չէին օգնում հայերին։ Նրանց տված տեղեկության համաձայն՝ հայերը մահանում էին ոչ թե ծեծից ու ջարդից, այլ՝ սրտանոթային հիվանդություններից:

Բռնությունների սկսվելու օրը քաղաքը լիքն էր ցուցարարներով, որոնք պահանջում էին իշխանության հրաժարականը: Այնուհետև նրանք խմբեր կազմած մտնում էին նախօրոք իրենց բաժանված ցուցակներով հայերի տներն ու դաժան ծեծի ենթարկում նրանց: Հայ բնակիչներին դուրս են նետել պատուհաններից, սպանել երկաթե ձողերով ու դանակներով, բռնաբարել կանանց, շատերին ողջակիզել: Հայերի դեմ բռնությունների եւ ջարդերի ալիքն այնուհետեւ տարածվեց Բաքվի ռուս բնակչության, մասնավորապես՝ զինվորականների ընտանիքների դեմ, որոնց շրջանում եւս եղան զոհեր ու բազմաթիվ վիրավորներ:

Բաքվում կազմակերպված հայկական ջարդերին զոհ գնացածների ճշգրիտ թիվը դեռեւս պարզված չէ: Մի շարք ուսումնասիրողների կարծիքով այդ թիվը 400-ից անցնում է: Բաքվում հայերի ջարդերն իրենց դաժանությամբ և մասշտաբներով անհամեմատ ավելի մեծ էին, քան Սումգաիթի ջարդերը:

Ադրբեջանի իշխանություններn իրենց կողմից կազմակերպած ջարդերը փորձում էին ներկայացնել պարզապես մասսայական անկարգություն:

1990 թվականին Բաքվում կատարվածը ցեղասպանություն է, որը կատարվեց խաղաղ բնակչության հանդեպ զուտ իրենց ազգային պատկանելության համար: Բաքվում կատարված ջարդերի համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, տուժածներից ոչ ոք չի հատուցվել ո’չ բարոյական, ո’չ էլ նյութական առումով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել