«Հունվարի 12-ին նախագահի նստավայրում ընդունելով ԱԺ խորհրդի անդամներին, Սերժ Սարգսյանը նրանց հետ քննարկել է խորհրդարանական կառավարման համակարգի անցման հարցերը, այդ թվում՝ անդրադառնալով 4-րդ նախագահի ընտրությանը, որ տեղի է ունենալու խորհրդարանում: Ըստ Սահմանադրության՝ նախագահի ընտրության համար անհրաժեշտ է, որ թեկնածուն ստանա ձայների 3/5-ը: Եթե առաջին փուլում նա չի ստանում այդքան ձայն, ապա տեղի է ունենում երկրորդ փուլ, արդեն ձայների առավել նվազ քանակով, հետո երրորդ փուլը՝ էլ ավելի նվազ ձայներով:

 

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ցանկալի կլիներ, որ նախագահը ընտրվեր «ընդարձակ մեծամասնությամբ»: Ըստ ամենայնի՝ ընդարձակ մեծամասնություն ասվածը հենց առաջին փուլով ընտրությունն է, ընդ որում գուցե համոզիչ ընտրությունը: ԱԺ խորհրդի կազմում Սերժ Սարգսյանին հանդիպել են բոլոր խմբակցությունների և հանձնաժողովների ղեկավարները, բացառությամբ «Ելք»-ի, որի ղեկավար Փաշինյանը հայտարարել էր, թե խորհրդարանի հանդեպ հարգանքը պահանջում էր, որ Սարգսյանն ինքը գար ԱԺ հանդիպման, ոչ թե կանչեր իր մոտ ԱԺ խորհրդին:

 

Փաստորեն, Սերժ Սարգսյանը ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» դաշինք խմբակցություններին հայտնել է ՀՀԿ նախագահի թեկնածուի, կամ իր նախագահի թեկնածուի հարցում նրանց աջակցության ակնկալիքը կամ պարզապես ցանկությունը: Ընդարձակ մեծամասնությունը կարող է լինել հենց դա։ Այստեղ իրավիճակը ուշադրության է արժանի երկու ասպեկտով: Նախ, Սերժ Սարգսյանի համար կարևոր է, որ նախագահը, որ ընտրվում է խորհրդարանում, ունենա քաղաքական որոշակի կշիռ, իշխանության բազմակենտրոն նոր համակարգում, այսպես ասած, հավասարակշռություն ապահովող սուբյեկտներից մեկը լինելու համար: Իսկ դրա համար պետք է, ինչպես առիթ ենք ունեցել ասելու բազմաթիվ անգամներ, որ նախագահի թեկնածուն խորհրդարանում ոչ միայն ընտրվի առաջին փուլով, այլ նաև համոզիչ հարաբերակցությամբ՝ նվազագույնը:

 

Դրանով նաև Սարգսյանը, այսպես ասած, «կփորձարկի» խորհրդարանական իր դե ֆակտո մեծամասնությունը, որը, ըստ էության, ավելի լայն է, քան դե յուրե կայուն կամ կոալիցիոն մեծամասնությունները: Իսկ իրերի այդ դասավորությունը Սարգսյանի համար անհրաժեշտ է խորհրդարանական կառավարման մոդելում իշխանությունն արդյունավետ վերահսկելու համար՝ լինի վարչապետի՞, թե՞ ՀՀԿ նախագահի կարգավիճակում: Ուշադրության արժանի մյուս հանգամանքը թերևս այն է, որ եթե մոտ մեկ տարի առաջ, ավելի կոնկրետ 2016 թվականի օգոստոսի 1-ին իշխանական ամբողջ համակարգի առաջ Սարգսյանը հայտարարում էր «առաջիկա ամիսներին ազգային համաձայնության իշխանություն» ձևավորելու մասին, ապա այժմ նա հայտարարում է «ընդարձակ համաձայնության» մասին:

 

Հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանը փոխե՞ց համաձայնությունը, ազգայինից անցնելով ընդարձակի: Եվ այդ փոփոխությունն արդյոք պայմանավորված էր նրանով, որ նախորդ տարի օգոստոսի 1-ին Սարգսյանն ընդամենը խոսում էր իրավիճակային տրամաբանության թելադրանքով, նկատի ունենալով այն, որ նրա ելույթը հաջորդել էր ՊՊԾ գնդի գրավման լարված իրավիճակի հանգուցալուծմանը, և Սարգսյանը փորձում էր, այսպես ասած, ունենալ առկա գերլարվածությունը հնարավորինս մեղմող ելույթ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել