Yerkir.am-ը գրում է.

Այս տարի մեր՝ ԵԱՏՄ մտնելու հետևանքով շուրջ 40 ապրանք կթանկանա. այսօր լրագրողներին հայտնեց Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա` թանկացող ապրանքների թվին կդասվի թռչնամիսը, վառելիքը: Չիլինգարյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների գները կբարձրանան, քանի որ կբարձրանա մաքսազերծման տոկոսը:

«Խնդիրն այն է, որ փորձում են ԵԱՏՄ անդամ երկրների ապրանքների գները համապատասխանեցնել, սակայն հաշվի չեն առնում կարևոր մի հանգամանք՝ մենք այնքան աշխատավարձ չենք ստանում, որքան, օրինակ, Բելառուսում կամ Ղազախստանում: Մեզ մոտ ոչ աշխատավարձ են բարձրացրել, ոչ թոշակ, և այս ֆոնին թանկացումներից շատ է տուժում սպառողը: ԵԱՏՄ անդամ այլ երկրներում մարդկանց կենսամակարդակն ավելի բարձր է, քան Հայաստանում»,- ասաց Չիլինգարյանը:

Ըստ նրա՝ եթե, պաշտոնական տվյալներով, տարեվերջին Հայաստանում աղքատները 30 տոկոս էին կազմում, ապա դեռ 2017-ի սեպտեմբերից սկսված թանկացումներից հետո արդեն 40 տոկոսի կհասնի այդ թիվը: «Թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները՝ կաթնամթերքը, մսամթերքը, վառելիքը: Գնաճն առաջին հերթին հենց աղքատներին է հարվածում»,- ասաց Չիլինգարյանը:

Հարցին, թե պատգամավորներից մեկն ասել էր, որ գնաճն աղքատների վրա չի ազդում, նա պատասխանեց: «Չկա նման բան: Ցանկացած գնաճ բացասաբար է ազդում սպառողի վրա»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել