Նորից ապրիլի 24: Նորից սպասումներ: Չգիտես ինչու Հայոց ցեղասպանության տարելիցի օրը և, միգուցե, այս ամբողջ տարիները մեզանում, կարծես, առաջացրել են սպասումի ու հատկապես արտաքին աշխարհից սպասումի իրավիճակ: Միշտ մեր հայացքներն ուղղում ենք դուրս, դեպի օտարին, թե ինչ են ասելու ամերիկացին, ռուսը, ֆրանսիացին ու գերմանացին: Հասկանալի է, ցավ ապրողի համար հարևանների, հարազատների ու բարեկամների կողմից այդ նույն ցավի բարձրաձայնումը և դատապարտումը սփոփանքի պես մի բան է, սակայն, երբ երկար ժամանակ կենտրոնանում ես նույն այդ սպասումների վրա, հաճախ այն դարձնելով գերնպատակ, ստեղծվում է տպավորություն, որ քո միակ նպատակն այդ հարևանների, հարազատների և բարեկամների ճանաչումն ու դատապարտումն է: Ցեղասպանությունը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական երևույթ է: Այն իր ազդեցությունն է թողնում տվյալ ազգի էթնոբնորոշիչ, գրեթե բոլոր հատկանիշների՝ լեզվի, մշակույթի, հայրենիքի ընդհանուր պատմական հիշողության վրա և դառնում է յուրօրինակ էթնոբնորոշիչ հատկանիշ՝ տվյալ ցեղասպանված ազգի համար: Շատ կարևոր է ոչ միայն Ցեղասպանության ճանաչումը, այլև դրա նյութական և հոգեբանական հետևանքների վերացումը, հատկապես այն ազգի ներսում, որի նկատմամբ այդ ոճրագործությունն իրականացվել է:
Հայոց ցեղասպանության հարցում կարծես սպասումի ևս մեկ նիշ է սահմանվել՝ Ցեղասպանության 100 ամյակը: Ցեղասպանության ճանաչման և հետևանքների վերացման գործընթացում արմատական ի՞նչ իրադարձություններ կարող են տեղի ունենալ 100-ամյա տարելիցին՝ 2015թ.-ին: Ներկա գործընթացների վերլուծությունը ցույց է տալիս, որ գոնե արտաքին ճանաչման տեսանկյունից կտրուկ փոփոխություններ դժվար է սպասել, մինչդեռ մենք կամա, թե ակամա ուռճացնում ենք 2015-ից մեր սպասումները, ինչը կարող է հիասթափության և հուսահատության առիթ դառնալ: Ավելին, 100-ամյակի գործոնը մշտապես նշելով՝ մենք ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի մոտ ստեղծում ենք մի հոգեբանական իրավիճակ, որ այդ իրադարձությունները տեղի են ունեցել 1 դար առաջ: Իսկ մեկդարյա վաղեմության իրադարձությունների նկատմամբ ձևավորվում է համապատասխան վերաբերմունք և հոգեբանական վիճակ: Մինչդեռ 2015թ.-ը մենք պետք է համարեինք, միգուցե տարօրինակ հնչի, Ցեղասպանության 30-ամյա տարելիցը, քանզի այս 100 տարիների առնվազն 70 տարին հայ ժողովուրդը հայտնի պատճառներով լիարժեք հնարավորություն չի ունեցել բարձրաձայնել այս մասին, այլապես շատերի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե հայերը 100 տարի սպասել ու նոր հիմա խոսում են Ցեղասպանության մասին:
Պետք է հասկանանք, որ Ցեղասպանության հետևանքների վերացման և միջազգային ճանաչման գործընթացը տևակական ժամանակ կպահանջի, պետք է հասկանանաք, որ այդ հետևանքների վերացման արդյունավետությունն ուղիղ համեմատական է նաև Հայաստանի ներսում կուտակված խնդիրների արագ և արդյունավետ լուծմանը, պետք է հասկանանք, որ քանի դեռ շարունակվում է Հայաստանից արտագաղթը, Ցեղասպանության հետևանքները դեռևս շարունակվում են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել