Yerkir.am-ը գրում է.

Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հակակոռուպցիոն գործող ռազմավարության արդյունքների և նոր ռազմավարության մշակման վերաբերյալ:

Վարչապետի խոսքով` 2015թ ընդունվեց Հայաստանի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Այն ժամանակ կառավարության նախաձեռնությամբ իրականացվեցին մի շարք միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին և կոռուպցիոն երևույթների կանխարգելմանը:

Ռազմավարությունից բխող մի շարք միջոցառումներ դեռևս ընթացքի մեջ են, սակայն, վարչապետի խոսքով, այս փուլում պետք է արդեն միջոցառումներ ձեռնարկել նոր և հավակնոտ հակակոռուպցիոն ռազմավարություն մշակելու ուղղությամբ: Վարչապետը հանձնարարեց հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին սահմանված ժամկետներում ավարտին հասցնել գործող հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող անհրաժեշտ միջոցառումների կատարման աշխատանքները:

Հանձնարարվեց նաև 30 օրյա ժամկետում մշակել հակակոռուպցիոն նոր ռազմավարության վերաբերյալ առաջարկություններ և ներկայացնել արդարադատության նախարարությանը: Նա հանձնարարեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին 15 օրյա ժամկետում ավարտին հասցնել ներկայումս գործող չորս ոլորտային հակակոռուպցիոն միջոցառումների մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքները, ամփոփել հակակոռուպցիոն ծրագրերի արդյունքները և հրապարակել դրանք:

Հանձնարարվեց նաև արդարադատության նախարարին մշակել նոր, հավակնոտ հակակոռուպցիոն ծրագիր, հստակ առանձնացնել թիրախային ոլորտները, մոնիթորինգային և գնահատման ցուցանիշները, և մշակել կոնկրետ միջոցառումներ` ուղղված կոռուպցիայի կանխարգելմանը: Այդ գործընթացի մեջ հնարավորինս ներգրավել քաղաքացիական հասարակությանը, իրավաբաններին, գիտնականներին, գործարարներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել