Վարչապետ Կարեն Կարապետյանը պնդում է՝ հնարավոր չէ քիչ աշխատելով լավ ապրել։

«Մենք ուզում ենք լավ ապրել, բայց դրա համար քիչ աշխատել, այդպես չի լինում», - Արմավիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՀՀ վարչապետի խոսքով՝ իրեն անհանգստացնում են Հայաստանում աղքատության ցուցանիշները։

«Աղքատության ցուցանիշները, իհարկե, անհանգստացնում են։ Դուք հաստատ տեսնելու եք, թե ոնց ենք այդ ցուցանիշը կառավարելու և նվազեցնելու, կառավարության ամբողջ գործունեությունը դրան է ուղղած», - ասաց Կ. Կարապետյանը։

«Բազմիցս ասել եմ, որ կառավարության հաշվետվությունն ունի ձև, ամբողջ աշխարհի կառավարություններն էդպես են բացատրում, որքան է ՀՆԱ-ն, արտահանումը աճել, ներմուծումն աճել, առևտուրը և այլն: Այս տարի մենք ավարտելու ենք շատ ավելի բարձր ցուցանիշերով, քան՝ կանխատեսել ենք», - ասաց նա՝ շեշտելով, որ այս ամենը չի լուծելու բոլոր խնդիրները:

«Լուծո՞ւմ է արդյոք այդ ցուցանիշը մեր բոլոր խնդիրները, ոչ: Եթե նույնիսկ դրանից կրկնապատիկ անգամ ավելի ցուցանիշ բռնենք, բոլոր խնդիրները չեն լուծվում: Երկիր գոյություն չունի, որ ամենաբարձր աճի տեմպերով էլ գնա, բոլոր խնդիրները լուծվեն», - ընդգծեց ՀՀ վարչապետը։

Կզգա՞ արդյոք աճը շարքային քաղաքացին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Շարքային քաղաքացիների մի մասը զգում է, մի մասը` ոչ։ Ով չի զգում դա, արտահայտում է, ով  զգում է՝ ոչ: Սա է ճանապարհը, եթե դուք այլ ճանապարհ գիտեք, հուշեք մեզ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել