Life.tert.am-ը գրում է.

16 տարեկանում նա ստացավ իր առաջին աշխատավարձն ու տվեց մայրիկին, որպեսզի գնումներ անի պահածո պատրաստելու համար:  Tert.am Life անկեղծ զրույց է ունեցել դերասանուհի Լուիզա Ղամբարյանի հետ, ով առաջին անգամ խոսեց բանաստեղծություններ գրելու մասին։ Պարզվում է` Լուիզան իր հոգու կուտակումներն  արտահայտում է չափածո ստեղծագործություններ գրելով, որոնք խնամքով պահում է  անձնական դարակում:

 

Դերասանուհին վստահեցրեց, որ դրանք դեռ ոչ ոք չի կարդացել։ Մինչև այս այդ մասին իմացել են միայն ամուսինն ու աղջիկը: Լուիզան դժվարացավ ասել, թե երբ իր ստեղծագործությունները կհանձնի հանրության դատին։ Դերասանուհին նշեց, որ, երբեմն, անգիտակցաբար առաջնորդվում է Ալեքսանդր Դյումայի «Կոմս Մոնտե Քրիստո» գրքի 2-րդ հատորի ամենավերջին տողով, երբ Էդմոն Դանտեսը  նամակում  գրում  է «Սպասել և հուսալ»…

 

–Լուիզա, եթե  Ձեզ տան դատարկ կտավ ու ներկեր` առաջարկելով պատկերել Ձեր  աշխարհը՝ ներաշխարհը, ի՞նչ կնկարեք այնտեղ ու ի՞նչ գույներով:

 

-Կաշխատեմ, իհարկե, վառ գույներով ներկայացնել իմ ներաշխարհը, չնայած ցանկացած ներաշխարհ ունի իր լուսավոր ու մութ կողմերը: Եթե դա պետք է լինի անկեղծությունից բխող կտավ, այնտեղ կլինեն նաև մռայլ գույներ: Գիշերային, անքուն, ուշացող լուսաբացին սպասող գույներ, կլինեն նաև տաք, վառ, արևային, շլացնող գույներ: Կնկարեի մեծ ու անծայրածիր դաշտ, որտեղ կլինեին շատ ծաղիկներ ու  որոնցից ամեն մեկը կյանքի մի էջ է: Կլինեին յասամաններ, որոնք ինձ համար սիրո դրսևորումն են, փշոտ վարդ՝ որպես ցավագին ու ընկճված էջերը կյանքի, երիցուկներ՝ որպես ապագայի հանդեպ մշտական լավատեսության, կակաչներ՝ ներսում մութ, դրսում վառ գույնով՝ որպես խաբուսիկության սիմվոլ: Ամենաշատը կլինեին յասամաններ, քանի որ իմ կյանքում գերիշխողը և հաղթողը սերն է. սեր առ ընտանիք, սիրելի, զավակ, աշխատանք, հայրենիք:

 

 

–Կտավի լիարժեքության համար ի՞նչ է պակասում:

 

-Հիմա, կարծես թե, լիարժեք է: Կարծում եմ` բավական է մեկ-երկու շտրիխ և այն լիարժեք կդառնա:  Անցած փուլերը, որոնք բերել են կտավի ամբողջականացմանը, բայց, գուցե, երեխայիս ապագայի հետ կապված մի քանի շտրիխ կավելացնեի,  մանկական թաթիկ, օրիորդական  կոշիկի կրունկ:

 

–Ձեր աղջիկն այնքան էլ փոքր չէ, մանկական թաթիկը կարո՞ղ ենք ընկալել՝ որպես կրկին մայրանալու ցանկություն:

 

-Այո, ճիշտ նկատեցիք: Նորածին երևույթը և, ընդհանրապես, նոր որևէ երևույթ մեծ ստիմուլ է, ոգեշնչում, լավատեսություն ու կյանքի շարունակություն: Ես շատ կուզեի ունենալ աղջիկ, քանի որ աղջկան քույր է հարկավոր և վերապրել այդ բերկրանքը: Կցանկանայի նաև տղա ունենալ` զգալու դրա համը։

 

–Մենք կարող ենք թղթի վրա գրել, վրիպակների դեպքում պատռել այն ու նորից գրել, իսկ կյանքը մեզ մաքրագրելու հնարավորություն չի տալիս, տալու դեպքում էլ փոխարենը շատ բան է խլում: Կյանքի ո՞ր էջը կցանկանայիք մաքրագրել։

 

-Վստահաբար կարող եմ ասել, որ չկա այդպիսի փուլ, որը ցանկանայի մաքրագրել: Անցյալն անցյալ է նրանով, որ չես կարող հետ գնալ, փոխել, դա սխալ էլ է: Երբ մարդը շատ է կառչում անցյալից, դա տանում է ինֆանտիլության, միաժամանակ, չպետք է շատ ապրել ապագայով: Անցյալի ցանկացած վրիպակ այսօր օգնել է ինձ դառնալու է՛լ ավելի հանդուրժող ու խաղաղ:

 

 

–Ներդաշնակ ե՞ք ապրում իրականության ու Ձեր աշխարհի միջև:

 

-Այո, դա գալիս է իմ գիտակցությունից:  40 տարեկանում շատ հարցեր են լինում, երբ  բախվում ես տարաձայնությունների իրականության ու քո ներաշխարհի հետ: Պետք է կարողանաս գիտակցաբար վերաբերվել դրան: Ներդաշնակությունը յուրաքանչյուրիցս է կախված: Միայն ներաշխարհի  պահանջներով ապրելը կհանգեցնի անկման ու ընկճախտի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել