Yerkir.am-ը գրում է.

Կառավարությունն ասում է` ունենք գնաճ, բայց գնաճային ֆոնը համեստ է` 0,8%. խորհրդարանում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Նախարարն անդրադարձավ նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանի և Հակոբ Հակոբյանի հայտարարություններին: Նրա կարծիքով` պատգամավորների ասածների շուրջ կարիք չկար այդքան մեծ աղմուկ բարձրացնել:

«Մեր գործընկերները ուրիշ բան են ասում։ Նրանք մի քիչ ավելի սրացված են ներկայացրել, բայց ես չեմ կարծում, որ այդքան մեծ աղմուկ էր պետք բարձրացնել դրանից։ Նրանք փորձել են բացատրել, թե թանկացումները հարաբերականորեն ինչպես են ազդում մարդկանց վրա։ Այն մարդը, որն ավելի շատ է ապրանքներ սպառում, իր վրա ավելի շատ է զգում դրա ազդեցությունը, քան այն մարդը, որը հարաբերականորեն քիչ է սպառում»,- նշեց Արամյանը։

Հարցին` սոցիալապես անապահով խավի վրա ազդո՞ւմ է գնաճը, նա պատասխանեց. «Չեք գտնի աշխարհում մի սպառող, անկախ նրանից ինչ խավի է պատկանում, որ դրական արձագանքի գների ցանկացած բարձրացման: Դա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ ցանկացած ապրանքատեսակի գների բարձրացումը բացասական է ազդում բոլորի վրա»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ասել էր. «Աղքատը քիչ է ծախսում, հետևաբար, թանկացումը բերում է նրան, որ աղքատը ստիպված, ինքնաբուխ ձևով խուսափելու է թանկացած ապրանքներից: Աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց»: Հարությունյանն էլ ասել էր. «Պատկերացրեք՝ կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել