Panorama.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովում այսօր շարունակվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը։ 

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը հայտնեց, որ պատգամավորների կողմից առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակը փոխելու վերաբերյալ նոր առաջարկներ չեն եղել:

Օրենքի նախագծին առաջինն  անդրադարձավ ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր, Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նրա խոսքով, հարց է առաջանում, թե ինչպես է այս օրենքը կիրառվելու, ինչ հետևանքների է հանգեցնելու:

«Կա նման մտահոգություն, որոշ դեպքերում արդարացված մտահոգություն, նկատի ունենալով մեկ կարևոր հանգամանք՝ մեր երկրի պատմության ընթացքում Սահմանադրականի դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքների 99 տոկոսը հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե նրա համար, որ օրենքը վատն է, այլ նրա համար, որ այն սխալ է կիրառվել: Այսինքն՝ հակասահմանադրական է ճանաչվել ոչ թե օրենքն ինքնին, այլ օրենքը, դրա իրավակիրառ պրակտիկայում տրված նշանակության արդյունքում: Օրենքը, ինչքան էլ որ էմոցիոնալ հարթության մեջ տարբեր մեկնաբանությունների տեղիք տա, լավ օրենք է, որովհետև կոչված է կանխարգելման, նախականխման գործընթացներին»,- ասաց նա։

Դիմելով արդարադատության փոխնախարարին՝ Գևորգ Կոստանյանը նշեց, որ իրենք պահանջատեր են լինելու օրենքի գործնական կիրառման խնդիրներին:

«Թեև մենք համաձայնություն տալիս ենք այս օրենքին, համաձայնություն տալիս ենք այս գաղափարախոսությանը, որ այն ներդրվի մեր իրավական համակարգի մեջ, մենք շատ հետևողական և պահանջատեր ենք լինելու այս օրենքի գործարկմանը, մեկնաբանությանը:

Մենք պետք է կարողանանք այս հասկացությունների ճշգրիտ կիրառումն ապահովել: Այս օրենքի սխալ կիրառման արդյունքում մենք լրջագույն խնդիրներ կարող ենք ունենալ, որովհետև ընտանիքը մեր հասարակության մեջ բացարձակ, անվերապահ արժեք է, և ցանկացած ոտնձգություն այդ արժեքին ցավոտ է լինելու մեզնից յուրաքանչյուրի համար»,- նկատեց Գևորգ Կոստանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել