Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի պատվիրակությանը՝ Վահրամ Բաղդասարյանի գլխավորությամբ, այսօր ընդունել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը, Վահե Էնֆիաջյանը, Նիկոլ Փաշինյանն ու Աղվան Վարդանյանը:

«Մենք բարձր ենք գնահատում ԻԻՀ հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում: Կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ վերահաստատում ենք, որ մեզ համար հիմնախնդրի կարգավորման միակ ճանապարհը բանակցային լուծումն է՝ ի տարբերություն ադրբեջանական կողմի: Թեև նախորդ տարիների համեմատ նվազել է երկկողմ առևտրաշրջանառության մակարդակը, սակայն մենք տեսնում ենք դրա զարգացման ճանապարհը և պատրաստ ենք ջանքեր գործադրել այդ ուղղությամբ»,- նշել է Վահրամ Բաղդասարյանը։

Աղվան Վարդանյանն իր խոսքում մասնավորապես նշել է. «Իրանը բացառիկ դերակատարություն ունի ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև աշխարհում և անկախ բոլոր հնարավոր ու անհնար ճնշումներից Իրանը միշտ կարողացել է պահել իր ինքնուրությունն ու հստակ քաղաքականությունը: Այս օրերին էլ հերթական սադրանքներ, որոշակի խնդիրներ կան, բայց ես վստահ եմ, որ Իրանը չի տրվի որևէ սադրանքի և կշարունակի իր քաղաքականությունը»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նկատել է, որ վերջին տարիներին Իրանում դրական փոփոխությունները տպավորիչ են, Իրանը նկատելիորեն առաջ է շարժվում:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Իրանի հետ բարեկամության զարգացմանը խոչընդոտելուն միտված ճնշումները Հայաստանի նկատմամբ թեև քիչ չեն, սակայն հայկական կողմն ակտիվորեն շարունակում է զարգացնել համագործակցությունը:

Կորյուն Նահապետյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային հատուկ խումբ, որը կգույքագրի Հայաստան-Իրան համագործակցության հիմնական ուղղությունները և հատուկ մշակված ծրագրերի իրագործմամբ կհասնի համագործակցության առավել բարձր աստիճանի, ինչում մեծ դեր կարող են ունենալ երկու պետությունների խորհրդարանները:

Վահե Էնֆիաջյանը, խոսելով երկու պետությունների համագործակցությունից, տեղեկացրել է, որ միջազգային հարթակներում ՀՀ պատգամավորները, լավ ճանաչելով Իրանի մշակույթը, քաղաքական ու տնտեսական իրավիճակը, մշտապես խոսում են Իրանի մասին, վերջինիս հնարավորինս ներկայացնում աշխարհին:

ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանին իր ողջույնի խոսքում մասնավորապես նշել է, որ Հայաստանն Իրանի բարեկամ երկիրն է, և ինքն ուրախ է ընդունել հայկական պատվիրակությանը: Իրանի խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ տարածաշրջանում բոլոր ճնշումներով հանդերձ իրանական կողմը մշտապես պատրաստ է համագործակցել հայկական կողմի հետ թե խորհրդարանական և թե կառավարությունների մակարդակում: Ալի Լարիջանին գոհունակություն է հայտնել Իրան-Հայաստան բարեկամական խմբին աշխատանքների առնչությամբ:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ Ալի Լարիջանին նշել է, որ տարածաշրջանում հակամարտությունների սրումը որևէ մեկին օգուտ չի կարող տալ. դրանք պետք է լուծվեն բանակցություններով: Խոսելով Մեղրիում նախատեսվող ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին՝ Իրանի խորհրդարանի ղեկավարն առաջարկել է լայն համագործակցել իրենց երկրի առևտրային պալատի հետ, ինչը հնարավորություն կտա ստեղծելու նպաստավոր պայմաններ գործարարների համար: Նա միաժամանակ անհրաժեշտ է համարել գործարարների լայն շրջանակի ներգրավումն այդ գործընթացում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել