Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ համակարծիք չէ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք հայտարարած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին 39-ամյա Մակրոնն ասել է Ելիսեյան պալատում մամուլի ասուլիսի ժամանակ:

Ֆրանսիայի ղեկավարը, դիմելով Նեթանյահուին, կոչ է արել քաջություն ցուցաբերել, բարի կամք դրսևորել պաղեստինցիներին առնչվող հարցերում ու վերսկսել խաղաղ բանակցային գործընթացը:

«Կոչ եմ արել վարչապետին պաղեստինցիներին առնչվող հարցերում քաջություն ցուցաբերել, որպեսզի կարողանանք դուրս գալ ստեղծված փակուղուց»,-ասել է Մակրոնը:

Մինչդեռ Reuters-ը հավելում է, որ ԵՄ երկիր ժամանած Նեթանյահուն հրապարակավ հավանություն է տվել Թրամփի որոշմանը՝ ընդգծելով, որ նույնպիսի քայլ է ակնկալում նաև Եվրոպայից:

Եվրոպական միության անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման նախօրեին Նեթանյահուն հայտարարել է, որ Թրամփի որոշումը թեև քննադատվել է միջազգային հանրության կողմից, սակայն կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը: Նա կոչ է արել պաղեստինցիներին ճանաչել, որ Իսրայելը հրեական պետություն է, իսկ Երուսաղեմը՝ դրա մայրաքաղաքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել