Armtimes.com-ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը և Ավստրիայի Հանրապետության դեսպանության տեխնիկական համագործակցության հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը ստորագրել են  փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության (ԱԶԳ) միջև «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության» նախագծի շրջանակում: 
Հուշագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթության ուսուցման համակարգում ներդնել «Օրգանական գյուղատնտեսության սկզբունքները» ուսումնական մոդուլը,  որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, ինչպես նաև համաֆինանսավորվում ու իրականացվում է Հայաստանում Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից: 


Կարևորելով համագործակցությունը՝  ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և այդ համատեքստում պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում նաև ոլորտի կրթական ծրագրերին.«Օրգանական գյուղատնտեսության ուղղությունը մեզ համար մեծ նշանակություն ունի և մենք ուրախ ենք այս հնարավորության համար: Հույս ունենք, որ նոր մոդուլի ներդրման արդյունքները թույլ կտան ծրագիրը դարձնել շարունակական»,- իր խոսքում նշել է Մանուկ Մկրտչյանը:
Ավստրիայի դեսպանատան տեխնիկական համագործակցության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը նշել է, որ ուսումնական մոդուլը մշակվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մասնագիտական կրթության զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) հետ սերտ համագործակցությամբ, ինչպես նաև Ավստրիայի լավագույն փորձի կիրառմամբ. «Մենք մշակում ենք ուսումնական ձեռնարկներ ուսանողների համար, իսկ դասախոսների համար՝ մեթոդական ուղեցույցներ: Համագործակցում ենք նաև քոլեջների, բուհերի և ֆերմերների հետ` ուսումնական ծրագրում իրենց դիտարկումները ներառելու նպատակով: Վստահ ենք, որ այս դասընթացները կնպաստեն նոր ձևավորվող, բայց մրցունակ օրգանական գյուղատնտեսության ոլորտում ուսանողների հետագա կարիերայի առաջխաղացմանը, և Հայաստանը կունենա բարձր որակավորում ունեցող մի շարք մասնագետներ», - նշել է Գերհարդ Շաումբերգերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել