Ժամանակին այդ վայրն անվանվում էր «մետրո», այնտեղ անցնում էին գնացքներ, ու քաղաքացիներն էլ ճամփորդում էին այդ գնացքներով: Դա շատ առաջ էր, երբ քաղաքացիները դեռ չէին լքել իրենց քաղաքն ու հեռացել: Իսկ հիմա դա խանութների, ակումբների, բանկերի և զվարճանքի կենտրոնների անվերջանալի շարան էր: Այն ժամանակ, երբ թունելներով սլանում էին քաղաքացիներին տեղափոխող գնացքները, տարածքն այս մեկ հարկանի էր, իսկ հիմա թունելների մի քանի շերտեր կային, որոնք իրար տակով էին անցնում և ավելի խորանում ընդերքի մեջ:
Ժողովը նշանակված էր ամենաստորին Դ թունելում: Կառուցված լինելով բոլորովին վերջերս՝ Դ թունելը դեռ աչքի չէր ընկնում ճոխ լուսավորմամբ և ժամանցի վայրերի առատությամբ: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ այնտեղ էր գտնվում փողասկոպների երբևէ եղած ամենամեծ կուտակումը: Հավաքված բազմությունն իրոք տպավորիչ էր իր բազմազանությամբ և գունագեղությամբ: Երևում էին գավազանավոր և մորուքավոր խստադեմ մարդիկ՝ երկար սև զգեստներով և խաչերով, երևում էին փոքրիկ մուրճերով հարգարժան պարոններ, կոկիկ կոստյումներով, բարձրախոսներով զինված ոչ պակաս պատվելի անձինք, ճոխ բազկաթոռների մեջ բազմած բարձրաստիճան այրեր: Այս մեծարգո անձանց առկայությունը նույն տարածքում և նույն ժամին բացառիկ էր, և չդիմանալով միմյանց փառքի փայլերին՝ նրանցից շատերը շփոթված էին երևում և աշխատում էին հնարավորինս չնայել մեկմեկու դեմքի: Բոլորի մտքին էր այն փաստը, որ իրենցից թերևս ամենափառապանծն ու զորավորը ներկա չի գտնվում Դ թունելում: Նրան սպասում էին արդեն երկու ժամ, ու չկար ոչ մի լուր, թե ուր է նա կորել և ինչ է անում:
-Մեր պարկերն արդեն պատրաստ են, մեր գործերն արդեն արված են: Կսպասենք նրան ևս տասնհինգ րոպե և կբացենք դարպասները... Թող օրհնվի նրա հոգին, եթե չհասցնի միանալ մեզ,-ասաց գավազանավոր սևազգեստ պարոններից ամենալուրջ դեմք ունեցողը:

Դժվար կլիներ գտնել որևէ քաղաքացու քաղաքի սահմաններում, չնայած փողասկոպները երբեմն որսում էին գումարային թեթև շրջանառության ալիքներ հեռավոր արվարձաններից:
Այդպիսի մի ալիքի հետևից էլ գնացել էր նա՝ կատարելու իր վերջին որսը: Ունենալով ամենազգայուն և հզոր փողասկոպը՝ նա կարողացել էր բացահայտել հյուսիսային արվարձաններից մեկում շրջանառվող գումարի որոշակի ծավալ: Հետապնդումը սկսված էր, իսկ որսորդը երբեք դեռ չէր ձախողել իր որսը:
Արվարձանը նման էր հին, մոռացված պահարանի: Ամեն ինչ իրար վրա դարսված, ամեն ինչ փոշոտ, պատված սարդոստայններով, ժանգոտված, հոտած և փտած: Զսպելով իր զզվանքը՝ նա անցնում էր քաղաքացիների լքված շենքերի բակերով՝ փնտրելով այն սրիկաներին, ովքեր առանց իր իմացության զբաղվում էին փողի շրջանառությամբ: Ինչպե՞ս կարելի էր ապրել այսպիսի պայմաններում ու դեռ երազել փողի մասին, ինչ-որ բաներ նախաձեռնել, աստված մի արասցե՝ առևտուր անել... Ինչի՞ մասին էին մտածում այս քաղաքացիներն ընդհանրապես:
Չէին տեսնում, ինչ է, որ հույս այլևս չկա, որ ոչինչ չկա, վերջ, ամեն ինչ ավարտված է իրենց համար, խաղի վերջ, էլ հույս չկա...չէին տեսնում երևի: Փողի մասին էին մտածում...էհ...
Տհաճ մտքերը թեև գրավել էին նրա ուշադրությունը, բայց փողասկոպը ճիշտ ժամանակին տվեց ազդանշանը: Փող: Տասը մետր դեպի հյուսիս-արևելք: Նրա հայացքն ուղղվեց այդ կողմ, լարվեց լսողությունը: Շշուկներ: Փսփսոցներ:
-Քսան դրամով, ընդամենը քսան դրամով...մաշված չեն, պինդ կոշիկներ են, խնդրում եմ՝ գնի՛ր, քսան դրամով,-նվնվում էր կնոջ ձայնը:
-Այստեղ չէ, այստեղ վտանգավոր է,-պատասխանում էր տղամարդու խռպոտ ձայնը:
Քայլերն առաջ տարան որսորդին: Դարանակալեց հին աղբամանի հետևում՝ պատրաստ պահելով փողասկոպը՝ հարձակվելու համար:
Ազդանշան: Հաղորդագրություն: Փողասկոպի կամաց ծլվլոցը քիչ մնաց՝ մատներ նրան:
«Դարպասները բացվում են՝ հասի՛ր»,-կարդաց նա հաղորդագրությունը:

Գավազանավոր պարոններից ամենավսեմը սկսեց կարդալ իր աղոթքը: Դ թունելը պատասխանեց նրա ձայնին սահմռկեցուցիչ արձագանքով, որից դողացին նույնիսկ ամենավեհ այրերի սրտերը: Թունելի ծայրը, որը փակված էր հսկա ապառաժներով, սկսեց դղրդալ: Աղոթքի ամեն բառի հետ մի նոր ճաք էր բացվում խստաշունչ ժայռերի վրա:
-Ու թող քո սուրբ կրակը ջերմացնի մեր խոնարհ հոգիները...,-ասում էր գավազանավորը:
-Մեր-մեր հոգիները-հոգիները,-ձայնակցում էր նրան ահավոր արձագանքը:
-Բացվի՛ր,-ասում էր գավազանավորը:
-Հիմա՛,-ավելացնում էր արձագանքը:
Քարերի անցքերից երևաց լույսը: Կարմիր լույսը: Ժայռերը հետ գնացին՝ բացելով կրակի հյուրընկալ լեզուները: Գավազանավոր պարոնը դարձավ դեպի ներկաները:
-Սկզբից բերեք պարկերը...

-Մի՛ վախեցիր, խնդրում եմ քեզ, տու՛ր քսան դրամ, ու այս կոշիկները քոնը կլինեն,-ասում էր կնոջ մեղմ ձայնը:
Տղամարդը մտածում էր:
-Լա՛վ,-ասաց նա` խռպոտ ձայնը դողացնելով,-վերցրու:
Առիթն ավելի հարմար չէր կարող լիներ: Նա դուրս թռավ իր թաքստոցից ու միացրեց փողասկոպը: Սարքը ծղրտաց տագնապի ազդանշանով:
-Դուք արգելափակված եք,-ասաց նա,-կանգնե՛լ:
Կինը ձեռքից բաց թողեց կոշիկները, ափերով փակեց ականջներն ու փախավ լքված շենքերից մեկը: Ավելի հանգիստ ժամանակ որսորդը կֆիքսեր հետքերը՝ հետապնդելու և մինչև վերջ խուզարկելու համար:
-Դուք խախտում եք օրենքը, դուք հանցագո՛րծ եք,-ասում էր նա՝ առաջ պարզած փողասկոպը: Տղամարդը կլորացած աչքերով նայում էր սարքին՝ չկարողանալով ազատվել իրեն պատած վախից և պատկառանքից:
-Ապօրինի դրամաշրջանառությունը հետապնդվում է օրենքով: Համաձայն հիմնական հիմնարար օրենքի՝ միայն իշխանությանն է պատկանում փողը և ուրիշ ոչ ոքի:
Տղամարդու ապշած-բացված բերանից սկսեց ծորալ լոզը:
-Դրամի անօրինական գործածությունը պատժվում է ողջ դրամային պաշարի առգրավմամբ:
Տղամարդը ձեռքը տարավ գրպանը: Լսվեց մետաղադրամների խուլ զրնգոցը: Տղամարդը հանեց գրպանից ձեռքը, բացեց ափը: Ափի մեջ երեք մետաղադրամ էր՝ ընդհանուր առմամբ հիսուն դրամ:
Ազդանշան: Հաղորդագրություն:
«Դարպասները բաց են, վազի՛ր»:
Հաղորդագրությունը տեղին չէր: Տղամարդու աչքերն իմաստավորվեցին: Փոխվեց դեմքի արտահայտությունը: Ձեռքերը բռունցք դարձան: Փողասկոպի ազդեցությունը կորավ:
Որսորդը փորձեց նորից միացնել սարքը: Չստացվեց:
-Ես քու տիրոջ...,-ասաց տղամարդն ու քար վերցրեց գետնից: Քարը նետեց նրա ուղղությամբ: Որսորդը մի կողմ թեքվեց: Նորից սեղմեց փողասկոպը: Տղամարդը փորձեց հարվածել ոտքով: Դիպավ փողասկոպին: Սարքը թռավ մի կողմ ու ջարդուփշուր եղավ քարերի վրա: Տղամարդը հարվածեց ձեռքով: Չդիպավ: Կատաղությունից որսորդի վրա նետեց դրամները:
-Առ քեզ...
Վերջացնել խոսքը չհասցրեց: Որսորդի ձեռքում ծխում էր ատրճանակը: Տղամարդու ճակատին գնդակի թողած խանձված անցքն էր: Սև՝ մոխրագույն բծերով արյունը հոսում էր տապալված մարմնի գլխից:
Որսորդը մոտեցավ, վերցրեց մետաղադրամները: Աչքն ընկավ կոշիկներին: Լավն էին: Հանեց իր արդեն փոշոտվածներն ու հագավ դրանք:

Դարպասները բացված էին լայն: Կարմիր հուրը ձգում էր: Բեռնում էին պարկերը: Առանձնապես անհամբերները շալակում էին իրենց հավաքած պարկերն ու շտապ-շտապ քայլելով գնում դեպի կրակը: Ոմանք նույնիսկ վազում էին: Կարմիր լեզուները հավասարաչափ ջերմացնում էին իրենց բոլոր զավակներին: Բոլոր այդ մեծապատիվ անձինք շոյվում էին բոցերի մեղմ թրթիռով: Անցել էին գրեթե բոլորը: Դ թունելում մնացել էր պարկերի մեծ կույտ ընդամենը և մի քանի համբերատար պարոններ:
-Ահա՛ նա,-ասաց նրանցից մեկը:
Երևաց որսորդը:
-Արդեն հույսներս կտրում էինք, Ձե՛րդ գերազանցություն:
-Առանց ինձ չէիք գնա,-հանգիստ պատասխանեց նա և մոտեցավ պարկերին: Բացեց նրանցից մեկն ու գցեց այնտեղ երեք մետաղադրամները,-սրանք վերջինն էին, այլևս փող չկա: Ես ինքս կշալակեմ սրանք:
-Իրավունքը Ձերն է:

Դ թունելը դատարկ էր: Չկային ոչ պարոնայք, ոչ պարկերը: Դժոխքի դարպասները փակվեցին՝ ընդունելով իրենց զավակներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել