Հռոմի կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոսը, ով առավել հայտնի էր Կալիգուլա կեղծանվամբ, այնքան շատ էր սիրում իր ձի Ինցիտատուսին, որ մարդավայել վերաբերմունք էր ցույց տալիս նրան: Ըստ հնադարի պատմաբան Սուետոնիուսի՝ կայսրն իր ձիու հանդերձանքները հատուկ կարել էր տալիս ամենաթանկարժեք կտորներից, պատվիրում էր զարդարել թանկարժեք քարերով և անգամ մեծ տուն էր կառուցել սիրելի կենդանու համար: Այլ հայտնի պատմաբան Դիոն Կասսիոսը գրում է, որ Կալիգուլան ձիուն կերակրում էր ծղոտով, որը նախապես թաթախում էին ոսկու փոշու մեջ:

Կալիգուլա կայսրն աշխարհին հայտնի է եղել իր տարօրինակ վարքագծով: Նա ինցեստի (սեռական կապ արյունակցական ազգականների մեջ) մեջ էր գտնվում հարազատ քույրերի հետ, ամենից շատ սիրում էր բանտարկյալներին գազանների բաժին դարձնել, գիշերները զրուցում էր Լուսնի հետ, հետևաբար ձիու նկատմամբ ունեցած նրա մեծ սերն այնքան էլ տարօրինակ համարել չի կարելի:

Սուետիանոսը պնդում էր, որ կայսր Կալիգուլան իր ձիուն պատրաստվում էր կոնսուլ նշանակել, սակայն նրան խանգարեց սեփական մահը, որն սպանության տեսքով իրականացավ:

Կալիգուլայի մասին տարօրինակ փաստերը, որոնց թվում է նաև Ինցիտատուս ձիուն վերաբերող տեղեկությունը, մեզ հասել են կայսեր՝ 4 տարի տևած իշխանությունից մի քանի տասնամյակ անց ապրած և ստեղծագործած պատմիչների միջոցով, հետևաբար ժամանակակից պատմիչները կարծում են, որ Դիոն Կասիոսն ու Սուետոնիուսը իրենց աշխատությունները գրելիս հիմնվել են բացառապես լեգենդների, ժողովրդական պատմությունների վրա, որոնք էլ համեմել են սեփական երևակայությամբ: Այս ամենի ամբողջության արդյունքում էլ Կալիգուլան խիզախ կառավարչից վեր է ածվել տարօրինակ մեկի: Շատերն ակնարկում են, որ եթե Կալիգուլան իսկապես մեծ թվով անմեղ մարդկանց կյանք խլած լիներ, ապա նրան անպատճառ ավելի վաղ հեռացրած կլինեին իշխանությունից և ․կյանքից: Այսքանից ելնելով՝ կարելի է վստահորեն հավատալ միայն այն բանին, որ կայսրն ամուր կապվածություն ուներ սեփական ձիու հետ:

Սակայն ինչի՞ց էր բխում Կալիգուլայի մտահղացումը Հռոմում առաջին անգամ չորքոտանի կենդանուն պաշտոնատար դարձնելու: «Կալիգուլա. կենսագրություն» գրքի հեղինակ, պատմաբան Ալոիս Վինթերլենգը նշում է, որ կայսեր այդ արարքի միակ պատճառը նրա՝ խելագար լինելը չէր: Ըստ պատմաբանի՝ հռոմեական բազմաթիվ կայսրեր են եղել, որոնք նման արտասովոր քայլերի են դիմել այլ սենատորներին նվաստացնելու և նրանց ինչ-որ բան ցույց տալու համար: Կալիգուլա կայսրն իր սիրելի ձիուն ցանկանում էր պաշտոնատար «անձի» կարգավիճակ տալ՝ այդպիսով իր ենթականերին ցույց տալով, որ նրանք անէական և չնչին գործ են կատարում կայսրության համար, որ դա հասել է այն մակարդակին, որ կենդանին անգամ կարող է կատարել նման աշխատանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել