ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրեն Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրի հետ հանդիպմանը արժևորել է ԵԱՀԿ ջանքերը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու գործում:

Խորհրդարանի նախագահի խոսքով՝ Հայաստանը կարևորում է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես գործուն և միակ ձևաչափ:

ԱԺ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ Արա Բաբլոյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքի մշակման և ընտրությունների որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների ընթացքում Հայաստանը մշտապես համագործակցել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի հետ: 

Գիսլադոտիրն անդրադարձել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության կողմից տրված գնահատականին և ընդգծել մեր երկրում ժողովրդավարության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերի կարևորությունը:

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենն անդրադարձել է նաև խորհրդարանում կանանց ներգրավվածությանն առնչվող հարցերին, կիսանախագահականից խորհրդարանական կառավարման մոդելին անցմանը և մարդու իրավունքների պաշտպանության զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:
Ինգեբորգ Սոլրուն Գիսլադոտիրը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ՝ մեր երկրում ժողովրդավարության զարգացմանը նպաստելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել