168.am-ը գրում է.

«Քաղաքական աշուն է, թեժանում են կրքերը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով երեկ ԱԺ նիստում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների սուր քննադատությունները` ուղղված վարչապետ Կարեն Կարապետյանին և կառավարությանը:

Ըստ նրա` ՀՀԿ-ն սատարում է Կարապետյանի քաղաքականությանը, որը միտված է լուծել այն խնդիրները, որ կան մեր երկրում, իսկ ինչքանո՞վ արդյունավետ կլինի, ինչքանո՞վ՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

Դիտարկմանը, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների քննադատություններում քաղաքական ենթատեքստ կար, Է.Շարմազանովը պատասխանեց. «Քաղաքական գործընթացների մեջ պետք է լինի քաղաքական ենթատեքստ: Եթե լիներ անձնական, դա ծիծաղելի կլիներ: Շատ նորմալ է, որ քաղաքական ուժերը շփվում են քաղաքական ենթատեքստերով: Հիմա իրենք հարց են բարձրացրել, կտեսնենք՝ այսօր և վաղը բյուջեի քննարկումն ինչպես կընթանա: Եվ, ինչպես մեր հարգաժան առաջին նախագահ Տեր-Պետրոսյանն էր ասում ու շատ ճիշտ էր ասում, ընդդիմությունը քննադատելու համար է, իշխանությունը նրա համար է, որպեսզի պատասխանի այդ քննադատություններին: Երբ անձրև է գալիս, ընդդիմությունն ասում է` իշխանությունն է մեղավոր, երբ արև է լինում, ընդդիմությունն ասում է` սա իմ շնորհն է: Սա էլ ես չեմ ասել, ավելի խելացի մարդ է ասել, որի անունն է Լևոն Տեր-Պետրոսյան»:

Անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամների առաջարկին` ստեղծել հանձնաժողով և ուսումնասիրել, թե ինչպես է գոյացել Կարեն Կարապետյանի և Վարդան Հարությունյանի ունեցվածքը, նաև գազի ու բենզինի ոլորտում չարաշահումները, Է.Շարմազանովը նշեց, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու համար անհրաժեշտ է 27 ստորագրություն, իսկ Հանրապետականն ինքն է օրակարգ թելադրում, բայց իրենք չեն մերժում որևէ ընդդիմադիր խմբակցության նախաձեռնություն հայտարարելու իրավունքը:

Է.Շարմազանովը բացառեց, որ Կ.Կարապետյանի կառավարությունը ժամանակից շուտ հրաժարական կտա: Ըստ նրա` եթե այս կառավարությունը ձախողի, դա կլինի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձախողում, սակայն ձախողման միտումներ չկան. «Կան դրական միտումներ և առաջընթացի միտումներ, որ լինելու են երկարաժամկետ, և 2022 թ., երբ գնանք նոր ընտրությունների, կարձանագրենք այն բոլոր պլյուսները, որ ունենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել