Երկար մտածելով ընտրությունների՝ որպես իշխանության ձևավորման միջոցի մասին՝ գալիս եմ այն եզրակացության, որ ընտրությունների և առհասարակ ժողովրդավարության էությունն ու դերը մեր հանրապետությունում այդպես էլ միարժեքորեն չի ընկալվում, չի գիտակցվում: Այս առումով ընտրական համակարգը և ժողովրդավարությունն առհասարակ Հայաստանի Հանրապետության համար կարելի է նմանեցնել թանկարժեք ադամանդե քարի, որը հայտնվել է փոքրիկ երեխայի ձեռքում, ով ոչ միայն խնամքով չի պահում, այլև առանց վարանելու դեն է շպրտում այն՝ չգիտակցելով դրա իրական արժեքը, դերն ու նշանակությունը: Որպես կանոն, այսպիսի վիճակը բնութագրական է զարգացման անցումային փուլում գտնվող պետություններին, բայց մյուս կողմից էլ դժվար է որոշել, թե այդ անցումային փուլը ժամանակային առումով որքան է տևում, և արդյո՞ք Հայաստանը դեռևս այդ փուլում է, այսինքն՝ թանկարժեք ադամանդե քարի իրական արժեքը չհասկացող երեխայի տարիքու՞մ է, թե՞ ոչ: Իհարկե, սա վիճելի հարց է, բայց միանշանակ է մի բան, որ մինչև չվերանա այն մոտեցումը, որ ձու գողացողը գող է և հանցագործ, իսկ քվեաթերթիկ գողացողն ու ընտրակեղծարարը՝ ոչ, ընտրությունների՝ որպես իշխանության ձևավորման օրինական միջոցի մասին խոսելն անիմաստ է: Եվ մինչև որ մեզանից յուրաքանչյուրը, բոլորս, և հատկապես գործող իշխանությունը՝ ի դեմս պետական մարմինների ու իր չինովնիկների, ընտրություններին չվերաբերվենք որպես երկրի զարգացման համար կարևորագույն ինստիտուտի, այլ կերպ ասած՝ չգիտակցենք դրա թանկարժեք քար լինելու հանգամանքը և խնամքով ու զգուշությամբ չվերաբերվենք վերջինիս, այս ոլորտում որևէ լուրջ պրոգրես չի կարելի ակնկալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել