Ազերին կամ ազարին Արաքսից հարավ Իրանում գտնվող Ատրպատականի բնակիչն է, որի հոմանիշը և, ըստ իս, հայերենում ավելի ընդունելի տարբերակը «ատրպատականցի» եզրն է: Փավստոս Բուզանդի երկում հանդիպող «Ատրպատճաց գաւառ» ձևից պետք է եզրակացնել, որ հայերենում ժամանակին «ատրպատականցի» իմաստով կիրառվել է նաև «ատրպատիճ» անվանումը, որը հետագայում դուրս է մղվել մեր լեզվից:

Ադրբեջանցին Ադրբեջանական Հանրապետության բնակիչն է՝ անկախ էթնիկական պատկանելությունից: Եթե ուզում ենք շեշտել ադրբեջանական էթնիկական հանրույթին պատկանելության հանգամանքը, ապա կիրառելի է «էթնիկ ադրբեջանցի» ձևը:

Թեև անգլերենում Azeri և Azerbaijani տարբերակներն այժմ համարյա որպես հավասարազոր հոմանիշներ են գործածվում, սակայն իրականում հենց ադրբեջանական քարոզչամեքենան է շահագրգռված այս երկու անվանումների նույնականացմամբ, որպեսզի ցույց տա, թե իբր Ատրպատականում և Ադրբեջանում միևնույն էթնիկ հանրույթն է՝ բաժանված Արաքս գետով:

Այլ խոսքով՝ անգլերենում ավելի ճիշտ կլինի Ադրբեջանական Հանրապետության դեպքում օգտագործել Azerbaijani (հայերեն՝ ադրբեջանցի կամ էթնիկ ադրբեջանցի, ռուսերեն՝ азербайджанец կամ этнический азербайджанец), իսկ Իրանի հյուսիսի երկրամասի՝ Ատրպատականի պարագայում՝ Azeri կամ Azari (հայերեն՝ ազերի, ազարի կամ ավելի ընդունելի է ատրպատականցի, ռուսերեն՝ азери կամ азари), որը մինչև Ատրպատականի լեզվական թյուրքացումը (մոտավորապես 16-17-րդ դդ.) այս տարածքի իրանալեզու բնակչության լեզվի և նաև էթնիկ անվանումն էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել