Աշնանային նոր եթերաշրջանը «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքը մեկնարկել է հայկական արտադրության առաջին հեռուստասերիալի սիրված ու սպասված կերպարներով։ Տասը տարի անց «Վերվարածներ»-ին փոխարինելու է եկել «Անուղղելիներ»-ը, որը նախորդի տրամաբանական շարունակությունն է, բայց ոչ կրկնությունը։ Նոր հումորային հեռուստասերիալում հին ու սիրված հերոսների կողքին կան նաև նոր, հետաքրքիր ու վառ կերպարներ, որոնցից է նաև դերասանուհի Լիլիթ Գալստյանի մարմնավորած Թամարիկի կերպարը։ BlogNews.am-ը Լիլիթի հետ զրուցել է նրա կերպարի, Գրիշա Աղախանյանի հետ համագործակցության, ֆիլմերի ու սերիալների տարբերության և այլ հետաքրքիր մանրամասների մասին։

Դերասանուհու խոսքով՝ սկզբում բարդ է եղել Թամարիկի կերպարը մարմնավորել, քանի որ շատ ավելի լուրջ է մոտեցել իր դերին. «Թամարիկը շատ միամիտ, պարզ, անմիջական աղջիկ է, ով պետք է քողարկի սուտը։ Սկզբում բարդացնում էի, մտածում էի՝ ինչպես եմ կարողանալու նրան կերտել, բայց այդ ընթացքում կերպարը, կարծես, իմը դարձավ։ Դժվար էր նաև այն առումով, որ նախկինում միայն գեղարվեստական ֆիլմերում էի նկարահանվել, իսկ սերիալներում մեկ-երկու փոքր դերեր էի ունեցել միայն։ Հիմա արդեն ավելի հեշտ է ամեն ինչ, սիրում եմ իմ կերպարը»,- ասաց Լիլիթը։

21752468_1952762911658949_7736831690036301953_n22549816_895801313911971_2087974249244829591_nՄինչ «Անուղղելիները» հեռուստասերիալում նկարահանվելը նա բացասական վերաբերմունք է ունեցել սերիալների նկատմամբ, իսկ այժմ կարծիքը փոխել է. «Սերիալների վերաբերյալ միշտ ինչ-որ վատ արձագանքներ են եղել, բայց մեր թիմը շատ լավ է աշխատում, ես իրոք շատ գոհ եմ նրանցից։ Վերաբերմունքս իսկապես փոխվել է սերիալների նկատմամբ. կա՛մ նրանք են շատ պրոֆեսիոնալ, կա՛մ ես եմ շատ վատ կարծիք ունեցել սերիալի մասին»,- նկատեց Լիլիթը։

Նշենք, որ «Անուղղելիները» սերիալում նա մեծ մասամբ աշխատում է Գրիշա Աղախանյանի հետ։ Նրանք միասին մարմնավորում են բժշկի և բուժքրոջ։ Լիլիթի խոսքով՝ Գրիշայի հետ համագործակցության փորձ էլի է ունեցել և նրան ճանաչում է վաղուց։ Հեռուստասերիալում նկարահանվելու առաջարկը հենց նրանից է ստացել. «Մենք նաև լավ ընկերներ ենք և իրար հասկանում ենք կես միմիկայից, կես խոսքից։ Իրար հետ աշխատել էինք «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմում, որի նկարահանումները մոտ մեկ ամիս տևեցին։ Ու քանի որ այստեղ մենք միմյանց հետ պետք է աշխատեինք, նա Թամարիկի դերն ինձ առաջարկեց, որպեսզի համագործակցությունն ավելի հեշտ և արագ ստացվի»։

23231565_1976540769281163_3689629873624670771_n

Նախկինում Լիլիթը նկարահանվել է «Փորձաշրջան» և «3+2 կգ» գեղարվեստական ֆիլմերում, իսկ հիմա մասնակցում է նաև «Անկում» ֆիլմի նկարահանումներին՝ մարմնավորելով լրագրողի։ Դերասանուհին ասում է՝ մեծ տարբերություններ կան ֆիլմերի և սերիալների միջև. «Ֆիլմում դու ունես սցենար, կերպար և ունես ժամանակ՝ այդ կերպարը մարմնավորելու համար։ Նկարահանումներն ավարտվելուց հետո տեսնում ես ու հասկանում, որ կարող էիր ինչ-որ բան այլ կերպ անել, կերպարին ավելի գույն տալ և այլն, բայց ոչինչ փոխել այլևս չես կարողանում։ Իսկ սերիալում դու ունես այդ հնարավորությունը. տևական ժամանակ է նկարահանվում, և կարող ես կերպարը զարգացնել, որոշ բաներ շտկել»,- ընդգծեց Լիլիթը։

Նա համոզված է՝ «Անուղղելիները» սիրվելու է հեռուստադիտողի կողմից նույնքան, որքան սիրվել է «Վերվարածները»։ Դրան նպաստելու է նաև Գրիշա Աղախանյանի, Անահիտ Կիրակոսյանի և մյուս նոր դերասանների մասնակցությունը, ինչպես նաև հանգամանքը, որ ֆիլմում արդիական թեմա է քննարկվում։ Առաջիկայում Լիլիթը նկարահանվելու է նաև «Շանթ» հեռուստաընկերության նոր նախագծում, ինչպես նաև մասնակցելու է «Արմենիա» Թիվիի նոր նախագծին որպես ձայնային կրկնօրինակող։

19247574_1975506016051305_7664441335958941336_n

21742830_1951013241833916_2915307146270231471_n20707922_287478355067151_679550002653607262_n

 Նյութը՝ Աստղիկ Իսկանդարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել