ԱՄՆ-ի նախագահի շուրջ հասունանում է նոր սկանդալ: Տնային կալանքի են ենթարկվել Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզչական թիմի երկու անդամներ` նախընտրական շտաբի պետ Պոլ Մանֆորտը, վերջինիս օգնական Ռիկ Գեյթսը, իսկ նախընտրական ժամանակահատվածում արտաքին հարաբերությունների գծով խորհրդատու Ջորջ Պապադոպուլոսը իրեն մեղավոր է ճանաչել ԿՀՎ-ի քննիչներին ստելու մեջ, հանձնվել և համաձայնել համագործակցել հատուկ ծառայությունների հետ:
Մանֆորտի և Գեյթսի դեմ մեղադրանքները չեն ներառում կետեր, որոնք առնչվում են Թրամփի շրջապատի և ռուսական իշխանությունների միջև համագործակցությանը նպաստելու մասին: Նրանք մեղադրվում են Ուկրաինայում անօրինական բիզնեսով զբաղվելու և փողերի լվացման մեջ:
Ինչ վերաբերում է Պապադոպուլոսին, ապա Թրամփի համար քաղաքականապես կարող է վնասակար լինել հենց Պապադոպուլոսի ձերբակալությունը և հետագա հնարավոր ցուցմունքները, քանզի, ըստ մեղադրանքի, վերջինիս հետ Ռուսաստանի հատուկ ծառայությունները կապ են հաստատել երրորդ անձանց միջոցով, որոնցից մեկը եղել է Լոնդոնում ապրող ինչ-որ անհայտ պրոֆեսոր և անձը չպարզված մի ռուս կին: Ըստ ԿՀՎ-ի՝ Պապադոպուլոսը հունվարին տեղի ունեցած հարցաքննության ժամանակ «ստել» է իր կապերի մասին և պնդել, որ ինքը չի ծրագրել նախաձեռնել հանդիպում Թրամփի շտաբի և Պուտինի մերձավոր շրջապատի միջև: Պապադոպուլոսը իրեն մեղավոր է համարել և պատրաստակամություն հայտնել համագործակցել իրավապահների հետ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել