Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին, քաղաքապետի խորհրդական Վահագն Վերմիշյանին, գլխավոր դիզայներ Գառնիկ Ամատունյանին, աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի, ճարտարապետության և քաղաքաշինության վարչություններին, ինչպես նաև «Երևաննախագիծ» ՓԲԸ-ին հանձնարարել է միջազգային փորձն ուսումնասիրելով ու համագործակցելով մասնագիտական կազմակերպությունների հետ ձեռնամուխ լինել Երևան քաղաքի արտաքին տեսքի և քաղաքային հարմարավետ միջավայրի ուղեցույցի մշակման աշխատանքներին:

«Ակնկալում ենք ունենալ այնպիսի փաստաթուղթ, որտեղ գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր ունենալու մասնագիտորեն հիմնավորված հայեցակարգային մոտեցումներից բացի, փողոց առ փողոց նշված կլինեն այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել՝ մայրաքաղաքն էլ ավելի հարմարավետ դարձնելու համար:

Ընդ որում, այդ ուղեցույցում պետք է ներառված լինի նաև ճարտարապետական և արտաքին տեսքի բոլոր բաղադրիչների ու տեսակների, ինչպես նաև քաղաքային գույքի տեղադրման մասին հստակ կանոնակարգ:

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներում ընդգրկեք նաև համապատասխան փորձ ունեցող կազմակերպություններին, ինչպես նաև «Երևան՝ խելացի քաղաք» ծրագրի մշակման և իրականացման հանձնաժողովի ներկայացուցիչներին: Համոզված եմ, որ նման ուղեցույց ունենալու պարագայում մենք կկարողանանք ապահովել ավելի գեղեցիկ, հարմարավետ ու մատչելի միջավայր», -ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել