«Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միանգամից 3 հողահատկացում է արվել, և հիմա ընթանում են շինարարական աշխատանքներ: Հատկացված հողատարածքները մայթերի հաշվին են, և իրականացվող շինարարությունն էլ խոչընդոտում է հետիոտներին: Այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց ուղղեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
 
Մասնավորապես հետաքրքրվել էինք, թե
 
1. Ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել հողահատկացման թույլտվությունը:
 
2. Ե՞րբ է կայացել հողահատկացման մրցույթը, և ի՞նչ արժեքով են ձեռք բերել տարածքները (առանձին-առանձին):
 
3.Ո՞ւմ են տրվել մայթեզրյա հատվածները՝ անուն, ազգանուն, հասցե:
 
4. Օրենքի ո՞ր կետով է հողահատկացման օրինականությունը հիմնավորվել:
 
5. Քանի՞ ծառ է հատվել և ում կողմից:
 
6. Ծառահատում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ:
 
7. Արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, և ո՞ր հատվածներն են դրանք:
 
Պարզ պատասխաններ ակնկալող այս հարցերին Երևանի քաղաքապետարանից ուղարկել են կիսատ-պռատ պատասխաններ՝ միայն հավաստիացնելով, որ նշված ծառերը չեն հատվել: Ստորև ներկայացնում ենք ստացված պաշտոնական պատասխանը՝ առանց կրճատումների.
 
«Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից տեղեկացնում են, որ Անդրանիկի փողոցի հ.79/6 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար առկա է 21.08.2017թ. կառուցապատող Լիան Ալեքսանյանին տրված հ.01/18-Ա-5908-743, Անդրանիկի փողոցի հ.110/2 հասցեում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 22.08/2017թ. կառուցապատող Վարսենիկ Սիմոնյանին տրված հ.01/18-Ս-4234-755 և Անդրանիկի փողոցի հ.94/3 և 94/4 հասցեներում հասարակական նշանակության օբյեկտի կառուցման համար՝ 13.09.2017թ. կառուցապատողներ Գենադի Հակոբջանյանին և Սարգիս Ոսկանյանին տրված հ.01/18-Ա-597-841 շինարարության թույլտվությունները»:
 
Թե ինչի հիման վրա են հատկացվել թույլտվությունները, օրենքի որ կետով են մայթերը դարձել մի քանի հոգու սեփականություն, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը հարկ չի համարել մանրամասնել: Միայն նշել է, թե «Վերը նշված հասցեներում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները տրամադրվել են գործող քաղաքաշինական նորմերին համապատասխան»: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունից Հայկ Ասատրյանը շտապել է հայտնել, որ «Մրցույթով տրամադրված հողամասերում ծառեր առկա չեն եղել, և ծառահատում չի իրականացվել»: Նկատեցի՞ք: Քաղաքապետարանի պաշտոնյան այդպես էլ չի մանրամասնել, թե երբ է կայացել մրցույթը, ովքեր են մասնակցել դրան, և ամենակարևորը՝ ինչ արժեքով են մարդիկ մայթերի սեփականատեր դարձել: Նա միայն հայտնել է, թե ծառահատում չի եղել:
 
Մինչդեռ անզեն աչքով երևում է, որ կառուցապատումն իրականացվում է այնպիսի հատվածում, որ շուրջբոլորը ծառեր են: Այդ ինչ հրաշքով պետք է հենց այդ հատվածում ծառեր չլինեին, միայն կարելի է ենթադրել: Բայց սա դեռ ամենը չէ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այդպես էլ պաշտոնական հավաստիացում չկա այն մասին, որ այսուհետ մայթերը չեն շարունակվի վաճառվել: Մենք հստակ հարցրել էինք. արդյո՞ք ծրագրված է այդ փողոցում էլի հողահատկացում անել, և ո՞ր հատվածներն են դրանք, բայց պատասխան չկա: Սա ոչ այլ ինչ է, քան ավելի բարեկարգ Երևան ունենալու խոստումը տապալելը: Քանի որ գոնե այս դեպքում ունենք առավել տգեղ Երևանի պատկերը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հովանավորությամբ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել