ՀՀ ներքաղաքական կյանքում ընթացող գործընթացների անգամ ոչ խորն ուսումնասիրության պարագայում կարելի է արձանագրել քաղաքականության տրամաբանությունից անդին գտնվող և «քաղաքական» սենտիմենտալիզմին սահմանակցող երևույթներ: Արդարացիորեն համակարգային և լուրջ փոփոխություններ ակնկալող կամ պահանջող մեր ազգաբնակչության պայքարունակություն ոգին ակտիվ պահելու համար մերթընդմերթ շրջանառության մեջ են դրվում այնպիսի հասկացություններ, որոնք ընդհանրության աղերսներ չունեն մեր իրականության հետ: Խոսքը վերջերս շրջանառություն ստացած և լայն քննարկումների առիթ հանդիսացած բուրժուադեմոկրատական հեղափոխություն հասկացության մասին է: 

Մարդկության պատմությունից հայտնի են «փրկարար կամ ազատագրական» հեղափոխությունների կործանարար կամ աղետալի հետևանքները: Օրինակ՝ 1789թ. Ֆրանսիական մեծ հեղափոխությունը (ըստ էության բուրժուական), որը կյանքի կոչվեց «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» նշանաբանի ներքո և լուսավորականության գաղափարական պատվանդանի վրա, չուղեկցվեց ցանկալի իդեալների իրագործմամբ ,և հետհեղափոխական Ֆրանսիայում գործ ունեցանք յակոբինյան դիկտատուրայի հետ: Այսինքն` ֆեոդալ, թագավոր հրեշների դեմ պայքարող հեղափոխականներն իրենք դարձան դրանց փոխարինող հրեշները: Այս համատեքստում ուշագրավ է, որ այն հարցին, թե ինչ կլիներ, եթե Կրասոսի դեմ ապստամբության ժամանակ հաղթեր Սպարտակը և ոչ հակառակը` Մարքսը պատասխանել է. «Առանձնապես ոչինչ, պարզապես նրանք իրենց տեղերով կփոխարինվեին»: Ասել կուզեմ՝ ՀՀ-ում «հնարավոր» բուրժուադեմոկրատական հեղափոխությունը բերելու է ոչ թե համակարգի, այլ համակարգը ներկայացնող անհատների փոփոխության և ուղեկցվելու է անդառնալի կորուստներով: Բանն այն է, որ բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու համար ամենից առաջ անհրաժեշտ է բուրժուահոգեբանական հեղափոխություն, այսինքն` բուրժուազիայի նկարագրի և արժեքային դիրքորոշումների փոփոխություն: Մինդեռ ՀՀ իրողությունները ցույց են տալիս, որ այդ փոփոխությունները այսօր տեսանելի չեն: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ում բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի կարող լինել, քանզի բուրժուազիայի ներկայացուցիչներն իրենց մեջ չեն ապրել հեղափոխության անհրաժեշտության գաղափարը և սերտաճած լինելով իշխանությունների հետ` սեփական կարողությունները համապատասխան խաղի կանոններով կարողանում են պահպանել և որոշակիորեն ապահովագրել: 

Անշուշտ, յուրաքանչյուր ոք իրավունք ունի մտածել այնպես, ինչպես ցանկանում է, սակայն իրավունք չունի չմտածել, թե ինչու է այդպես մտածում: Այս տեսանկյունից բուրժուադեմոկրատական հեղափոխության անհրաժեշտության մասին թեզի կողմնակիցները ավելի շուտ հանդես են գալիս սեփական ցանկությունների փաստման, այլ ոչ սեփական թեզի ռացիոնալ հիմնավորման դիրքերից: Բանն այն է, որ ՀՀ-ում բացակայում են բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնելու և դրա անհրաժեշտությունը հիմնավորելու հիմքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել