Armtimes.com-ը գրում է.

Ինչպես հայտնի է վերջին տասը տարիներին Ֆրանսիայի Նիս քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցին գործում էր ինքնագլուխ, թեմից անկախ, ինչը բազում խնդիրների տեղիք էր տալիս համայնքում, գործը հասել էր նույնիսկ դատական քաշքշուկների: Ֆրանսիայից եկած լուրերը վկայում են, որ Նիսի խնդիրները հարթվում են, եւ եկեղեցին որոշել է միանալ Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմին, գրում է «Հայ Ձայն»-ը: 

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը մանրամասներ է հաղորդել իրավիճակի մասին: Նա հաստատեց, որ Նիսում կատարվող դեպքերն այսօր դրական ընթացք ունեն:

«Ֆրանսիա փոխադրվելուց հետո իմ մոտեցումն այն եղավ, որ հայ ազգի զավակներն իրենց ունեցած հարցերը դատարաններում չէ, որ պիտի լուծեն: Այլ ուզեցի, որ այս ճանապարհը որդեգրենք ու համերաշխությամբ, սեղանի շուրջ նստելով լուծենք մեր հարցերը: Ուստի, շեշտը դրեցի դրա վրա, կապ հաստատեցի Նիսի պառակտված խմբի հետ, երկխոսություն սկսեցինք եւ արդյունքում պարզվեց, որ մարդիկ համաձայն են, որ ետ դառնան մեր եկեղեցու գիրկը եւ շարունակեն գործել իբրեւ Ֆրանսիայի թեմի ծուխ: Երեք տարվա ժողովներ եղան, եւ այդ ժողովների հիմնական կետն այն էր, որ բոլորն էլ համաձայն են, որ միանան, բաժանված խումբը վերադառնա եւ թեմի մաս դառնա: Հիմա դրանից հետո դժվար շրջանն է սկսվում, պետք է տեսնենք, թե այսուհետեւ ինչպես պիտի լինի՝ ի վերջո տասը տարվա պայքար է եղել, դատական վեճեր են ընթացել, իրար դեմ հոդվածներ են գրվել, համայնքը երկու խմբի է բաժանվել, միմյանց հայհոյել են, ոմանք այս պառակտման հետեւանքով զրկված են իրենց խորանից, դպրոցից»,- ասաց Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը:

Վահան եպս. Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ չենք կարող ասել, թե ամեն ինչ հարթ է եւ բոլոր խնդիրները լուծված են, բայց նկատեց, որ առաջին դրական քայլն արդեն կատարված է, ինչը կարեւոր է հետագա աշխատանքների համար:

«Իրենք ինձ վստահեցրել են, որ ընդունելու են եկեղեցու թեմական կանոնադրությունը, եկեղեցու թեմական առաջնորդին եւ թեմական խորհրդի իշխանությունը: Եթե այդպես լինի, ուրեմն իսկապես պատճառ չի լինի, որ իրենք իրենց եկեղեցուց դուրս համարեն, քանի որ ժամանակին մերժել էին ե՛ւ առաջնորդին ե՛ւ եկեղեցու կանոնագրությունը: Իրենց ասելով այսուհետեւ պիտի ընդունեն եւ թեմական խորհրդի իշխանության տակ պիտի աշխատեն, իսկ դա նշանակում է, որ կարգալույծ քահանա չպիտի բերեն, իրենց արարողությունները եւ ծիսակատարութունները Հայաստանեանց առաքելական եկեղեցու կանոնների համաձայն պիտի լինի, եւ այդ ժամանակ ոչ ոք իրավունք չունի նրանց դուրս պահել եկեղեցուց: Ինչպես գիտեք՝ Նիսում երկու ծուխ կա, մեկը մեր պատմական կենտրոնն է, որի մեջ կա դպրոց, հովվատուն, սրահ, իսկ մյուսը պարզապես այս դեպքերի հետեւանքով գործող ծուխն էր, որի շենքը մենք կաթողիկե եկեղեցուց էինք վարձում: Այս հարցը, միավորումը պիտի լուծվի Ֆրանսիայի օրենքների հիման վրա, ժամանակ է անհրաժեշտ, դյուրին չէ, կարճ ժամանակում չի լուծվի: Կարեւորը համաձայնությունը կա, եւ կա երկու կողմերի հստակ կամեցողությունը: Եվ իրենց էլ պիտի ասվի, որ այս դժվար ճամփան միասին պիտի քայլենք եւ միասին լուծենք այս հարցը»,- նշեց մեր զրուցակից հոգեւորականը, ում ջանքերով էլ լուծվում է պառակտված համայնքի խնդիրը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել