Armtimes.com-ը գրում է.

Մինչեւ 2017թ-ի վերջ ֆինանսների նախարարության կանխատեսմամբ ՀՀ պետական պարտքը կհասնի 6,7 մլրդ դոլարի, որն այս պահի դրությամբ կազմում է 6,3 մլրդ դոլար: Այս մասին Հանքավանում լրագրողների հետ սեմինար-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Պարտքը նվազելո՞ւ է

Կառավարության պարտքը, որը պետական պարտքի կառուցվածքում օրենքով առանձնացված է Կենտրոնական բանկի պարտքից, կազմում է 5,7 մլրդ դոլար: ԿԲ պարտքը կազմում է շուրջ 611 մլն դոլար: Կառավարության պարտքը, նշում է Արամյանը, տարեվերջին կկազմի նախորդ տարվա ՀՆԱ-ի 58,7 տոկոսը: Հատկանշական է, որ օրենք արգելում է ՀՀ-ում կառավարության պարտքը գերազանցի նախորդ տարվա ՀՆԱ-ի ծավալի 60 տոկոսը: Նախորդ տարի նույն ցուցանիշը 2015 թ-ի ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 52,2 տոկոս: Աճը՝ 6,5 տոկոս:   

«Այս բարձր ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախորդ տարի ՀՆԱ-ի աճը եղել է չնչին՝ 0,2 տոկոս: Իսկ քանի որ մենք այս տարի սպասում ենք ՀՆԱ-ի ավելի մեծ աճ, ուստի մեր կանխատեսումներով հաջորդ տարի պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի՝ կազմելով 58,2 տոկոս», - նշում է Արամյանը՝ հավելելով, որ վեջին շրջանում առաջին անգամ նախատեսում են 2018 թվականից նվազեցնել պարտք-ՀՆԱ ցուցանիշը։

«2018 թվականին կանխատեսվում է, որ պետական պարտքը նախորդ տարիների համեմատ կաճի ավելի դանդաղ տեմպով, որի արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի ցուցանիշը կարող է նվազել 0,5-1 տոկոսային կետով»,-նշեց նախարարը։

Միեւնույն ժամանակ ընդգծվեց, որ կառավարությունում քննարկում են նաեւ սցենարներ, թե որ դեպքում կարող են փոխել օրնքը՝ ավելացնելով կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: «Խոսքը բացառիկ դեպքերի մասին՝ պատերազմ, ճգնաժամ, աղետ», - հավելեց քննարկման մասնակից ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը:

«Մեխազնիմը հետեւյալն է, օրինակ՝ տեղի են ունենում ցնցումներ եւ անհրաժետություն է առաջանում մեծացնել կառավարության պարտքային շեմքը: Կառավարությունը համապատասխան օրենսդրական նախագծերով մնում է ԱԺ եւ ներկայացնում հիմնավորումներ: ԱԺ-ի դրական վերաբերմունքի ու հաստատման պարագում, այդ շեմը բարձրանում է, սակայն հետ՝ նախկին ցուցանիշին վերադառնալու պարտավորությամբ», - ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ օրինակ անցյալ տարվա ապրիլյան ռազմական բախումների ժամանակ նման անհրաժեշտություն չառաջացավ:

Հատկանշական է, որ մեր ունեցած տվյալներով, այնուամենայնիվ, անցյալ տարի, եթե ոչ սեկվեսերտ, ապա պետական հիմնարկներում ծախսերի վերանայում տեղի ունեցել է՝ որոշ կրճատումներով:

Նշվեց նաեւ, որ դրական սպասումները պայմանավորված են այս տարվա հունվա-սեպտեմբեր ամիսիներին գնացված տնտեսական ակտիվության ցուցանիշով: Վերջին ինը ամիսների կտրվածքով այն կազմում է շուրջ 5,5 տոկոս: Տնտեսության ակտիվացման ֆոնին աճել է նաեւ հարկահավքության ցուցանիշը՝ նույն ժամկետում կազմելով 6,2 տոկոս:

Վարդան Արամյանը քննարկման ժամանակ մի քանի անգամ նշեց, որ կառավարության, հատկապես ֆինանսների նախարարության խնդիրն է այնպիսի համակարգ ներդնել, որպեսզի անհատական գրծոնը հասցվի մինիմումի: «Այսօր ես եմ նախարար, վաղը մեկ ուշիշը, սակայն կարեւոր է, որպեսզի մենք ունենանք համակարգը, որը անկախ նախարարի անձից կարող է արդյունավետ աշխատել: Մեր աշխատանքն այդ նպատակին է ուղղված», - ասաց նախարարը:

Անպատասխան հարցեր ու աճի որակը

Սակայն հարցական են մնում բազմաթիվ հարցերն առ այն, թե ֆիսկալ գործիքներով որքանով կառավարությունը կարող է ազդել տնտեսության իրական վիճակի վրա, որտեղ հիմնական շահութաբեր ոլորտները քվոտավորված-բաժանված ու փակված են: Քաղաքականության ու բիզնեսի սերտաճման «քաղցկեղը» շարունակում է մետաստազներ տալ:

Այսինքն՝ այդ ոլորտները մոնոլոպացված են կամ այնտեղ մեկ կամ մի քանի խոշոր խաղացողներ են, իսկ նորերի մուտքը խստ դժվարացված է: Մոնոպոլիզացիայի մակարդակով ՀՀ տնտեսությունն ԱՊՀ տարածաշրջանում ամենաբարձրներից է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել