Tert.am-ը գրում է.

Արցախի Հանրապետությունը պետք է վերադառնա բանակցային սեղանին որպես պատերազմող կողմ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին ոչ թե որպես հակամարտող, այլ որպես պատերազմող կողմ: Վերջինս նշեց, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ Արցախի անկախությունն այլևս փաստ է, միաժամանակ պետք է բանակցի Ղարաբաղի հետ: Պատգամավորն ասաց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտում են, կողմերի միջև լայնածավալ պատերազմ չի եղել, իսկ Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև լայնածավալ պատերազմ է եղել, ուստի Ղարաբաղը բանակցություններին պետք է վերադառնա որպես պատերազմող կողմ:

- Օրերս Հայաստանի և Ադրբեջանի նախագահները Ժնևում հանդիպեցին: Ինչպե՞ս կբնութագրեք այս հանդիպումը: Արդյոք այն արդյունավե՞տ էր Արցախի տեսանկյունից:

- Արցախի ժողովուրդը ողջունում է նախագահների մակարդակով հանդիպումը: Սա դրական քայլ է, թեև արցախյան հակամարտության կարգավորման համար դեռևս երկար ժամանակ է հարկավոր:

- Արդյո՞ք նման հանդիպումները կարող են առարկայական բանակցությունների վերսկսման պատճառ հանդիսանալ:

- Առարկայական բանակցությունների հիմքը դրվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում, բայց Ադրբեջանի իշխանությունները, համաձայնություն տալով, որ կկատարեն այդ պարտավորությունները, ցավոք, չեն կատարել դրանք: Ապրիլյան պատերազմից հետո ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կատարվում, որովհետև կրակոցները շարունակվում են, թեև Իլհամ Ալիևը համաձայնեց, որ կատարելու է այդ պայմանավորվածությունները, բայց չարեց: Բանակցային գործընթացի այլընտրանքը պատերազմն է, իսկ բանակցությունները փակուղում են: Հիմնարար այն փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի և որում չի լինի Արցախի իշխանությունների ստորագրությունը, ամենամեծ ցանկությունների դեպքում անգամ մնալու է սեղանին: 

- Ի՞նչը կարող է ներկայիս պայմաններում նպաստել հակամարտության կարգավորմանը:

- Արցախի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն մեկ պայմանով, երբ երկու ժողովուրդների միջև հաստատվի փոխվստահության մթնոլորտ: Փոխվստահության մթնոլորտ այսօր չկա, հակառակը՝ ապրիլյան պատերազմը ջուրը գցեց բոլոր ջանքերը, որոնք ուղղված էին վստահության մթնոլորտի ձևավորմանը: Ավելին՝ փոխվստահության մթնոլորտ չկա Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Միայն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելուց հետո, որոնք ուղղված են վստահության մթնոլորտի ձևավորմանը, հնարավոր կլինի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցել:

Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» գիրքը հայի մեծարման ու ադրբեջանցու նսեմացման մասին էր, բայց նրան ազգի դավաճանի պիտակ կպցրեցին, վառեցին գրքեր, որոնք «Քարե երազի» հետ կապ չունեին: Ադրբեջանում նման մարդիկ շատ են, բայց իրենց մասին խոսել չեն տալիս: Իսկ Արցախը ժողովրդավարական ուղով զարգանում է, ընտրությունները տեղի են ունենում ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան, ինչի մասին խոսում են միջազգային դիտորդները: Կարծում եմ, որ միջազգային հանրությունը ևս կարծում է, որ ժողովրդավարական Արցախը չի կարող գոյատևել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Ադրբեջանը շահագրգիռ չէ ժողովրդավարական ինստիտուտներ ունենալ: Մենք կարծում ենք, որ հանդիպումները, բանակցությունները պետք է շարունակվեն, բայց Ալիևը պետք է հասկանա, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի եղել ու չի լինի: Բանակցությունները պետք է շարունակվեն, բայց Ալիևը պետք է հասկանա, որ Ղարաբաղը անկախ է: Խաղաղասիրությունը դուրս է եկել Արցախի ժողովրդի լեքսիկոնից, մենք արժանապատիվ խաղաղության կողմնակից ենք:

- Ի՞նչ է նշանակում արժանապատիվ խաղաղություն:

- Ադրբեջանը պետք է մի օր հասկանա, որ Արցախը կարող է գոյատևել անկախ պետականության պայմաններում կամ վերամիավորվելով մայր Հայաստանի հետ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել