Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Դանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Մադսենը (նստավայրը՝ Կիեւ):

Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ հայ-դանիական հարաբերությունների զարգացման նպատակով դեսպան Մադսենն ի սպաս կդնի մասնագիտական կարողություններն ու հարուստ փորձը եւ մեծ դերակատարում կունենա երկկողմ կապերի աշխուժացման գործում:

Զրուցակիցները երկուստեք նշել են, որ Հայաստանի եւ Դանիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-րդ տարում դեռեւս չի կարելի վստահորեն պնդել, որ ամբողջությամբ օգտագործվել է երկու երկրների միջեւ հարաբերությունների եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ չնայած վերջին շրջանում միջպետական հարաբերություններում արձանագրված որոշակի աշխուժությանը:

Դեսպան Մադսենը, նշելով, որ հայ-դանիական հարաբերությունները շատ ավելի վաղ են ձեւավորվել, ընդգծել է, որ պատմականորեն ձեւավորված այդ հարաբերությունները երկուստեք պարտավորեցնում են ավելի մեծ ուշադրությամբ եւ հոգատարությամբ վերաբերվել երկկողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ժամանակահատվածում ջանք ու եռանդ չի խնայի Հայաստանի եւ Դանիայի միջեւ կապերի սերտացման եւ խորացման գործում իր ներդրումն ունենալու համար:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարին, բրյուսելյան առաջիկա գագաթնաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Դեսպան Ռուբեն Մադսենը նշել է, որ ԵՄ-ում Դանիան հանդես է գալիս Միության հարեւանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման օգտին:

Հանրապետության Նախագահը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարեւորել է նաեւ միջխորհրդարանական դիվանագիտության դերը: 

Նախագահ Սարգսյանը եւ դեսպան Մադսենը հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել