Վախենում եմ` մի քիչ լավաշ ստացվի: Կներեք: Բայց կարծես հրապարակախոսության պես մի բան է դառնում ոչ միայն վերջին մի քանի ամիսների, այլև գուցե տարիների կուտակվածը: Հնարավոր է` Ֆեյսբուք կոչեցյալը հազար անուն ունենա` հիվանդություն, PR հարթակ, տեղեկատվական փոխանակման վայր: Բայց միևնույն ժամանակ մի տեսակ լակմուսի թուղթ է ու որոշ դեպքերում ցավալի արդյունքով: Էս ինչքա՜ն ենք սկսել միմյանցից նեղանալ, միմյանցից հեռանալ, էս ինչքա՜ն ենք սրել իմն ու քոնը, մերն ու ձերը: էս ինչքա՜ն «թշնամի» կա մեր երկրում, իրար «թշնամի», երկրին «թշնամի»: Հայհոյելն ու անձնական վիրավորանքը դարձել են «ուղիղ ճանապարհ»: Հատկապես երիտասարդների հետ է զրույցս: Ախր, կուսակցականությունն ընդամենը տեսակետների որոշակի տարբերությունն է առաջին հերթին ՔԱՂԱՔԱԿԱՆ դաշտում, որը գործունեության ոլորտ է, ոչ թե ԱՊՐԵԼՈՒ: Ու ոչ քաղաքականությունը, ոչ էլ կուսակցականությունը չարժեն, որ ընկեր կորցնենք, հարազատ կորցնենք, ԻՐԱՐ կորցնենք: Մեկ էլ ու` մի օր մենակ մնալու վտանգը որ եկավ, կարող է և շատ ուշ լինել, անուղղելի ուշ: Մենք կարող ենք չընդունել մեր ընկերների քաղաքական հայացքները, քաղաքացիական հայացքները, բայց ընկերը նրանով է ընկեր, բարեկամը նրանով է բարեկամ, հարազատը նրանով է հարազատ, որ մենք նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին նրանք կան, իրենց մարդկային արժանիքների համար, հենց իրենց համար, այլ ոչ թե քաղաքական հայացքների: Չնեղացնենք միմյանց, հավատանք, որ յուրաքանչյուրն իր տեսակետով, իր հայացքներով առաջին հերթին ուզում է, որ երկրի համար լավ լինի: Վիճենք ու բանավիճենք, բայց չեմ կարծում, թե որևէ կուսակցության ծրագիր պարտադրում է թշնամանալ քաղաքական տարակարծիք ընկերների, հարազատների, ընդհանրապես` այլոց հետ: Թե որ արժեքային համակարգից ենք խոսում, իմ կարծիքով` արժեքային համակարգերի հիմքում առաջին հերթին մարդկային պարզ հարաբերություններն են, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ունակությունը: Կրկնեմ էլի` վեճը, բանավեճը, հայացքների տարակարծությունը, որոնց առողջ բախումը օգտակար է ճշմարտության ճանապարհին, դեռ չեն ենթադրում անձնական վիրավորանք, հայհոյանք, մատ թափ տալ ու... հեռացում: Նույնը և` կուսակցական պատկանելության առումով: Բոլոր կուսակցություններում էլ շատ կարգին մարդկանց եմ ճանաչում, ու միևնույն ժամանակ` ճիշտ հակառակը: Ընդհանրացումն ինքնին անընդունելի է, համընդհանուր պիտակավորումն` առավել ևս: Չկորցնենք ու չփշրենք տարիների դժվարին ձեռբերածն ու ընդհանրապես ամենաթանկը` ՄԻՄՅԱՆՑ: Հետո գուցե էլ չկարողանանք գտնել: Մարդկային բոլոր հարաբերություններն էլ ՍԻՐՈ նման են. հարկավոր է պայքարել ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան...

Հ.Գ.-Հուսամ, որ լայք տվողները լավաշը համբերությամբ կարդացին, նոր լայք տվեցին: Որ հասկանամ` քանիսն էին համաձայն ինձ հետ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել