Tert.am-ը գրում է.

Իրաքյան Քրդստանի շուրջ իրադարձությունները, քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանի խոսքով, տեղի են ունեցել աշխարհում տեղի ունեցող գլոբալ  փոփոխության` «Իսլամական պետության»՝ որպես համաշխարհային քաղաքականության սուբյեկտի դիրքերի նվազման արդյունքում:

««Իսլամական պետությունը» Մերձավոր Արևելքում խնդիրներ լուծող էր, և հիմա փաստորեն նա դուրս եկավ ասպարեզից․այսօր, իմ հաշվարկներով, մնացել է մոտ 1-2 ամսվա կյանք «Իսլամական պետությանը», որովհետև Դերզորից դեպի հարավ ընդամենը մի քանի բնակավայրեր են մնացել։ Հիմա ԻՊ-ը բազավորման համար տեղ չունի, և կարելի է ասել, որ համաշխարհային քաղաքականության մեջ  այդ նախագիծը  արանքից դուրս է եկել: Դրա արդյունքում է, որ Քիրքուքում  այս խնդիրն ի հայտ է եկել: Մինչև այդ Քիրքուք հասնելու համար իրաքյան ուժերը որևէ հնարավորություն չունեին»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նշելով, որ այդ տեսանկյունից պետք է դիտարկել, թե Մերձավոր Արևելքում ինչ է կատարվելու:

Նա նկատեց, որ մենք ժամանակին տեսնում էինք, որ Սիրիայի, Լիբանանի, Իրաքի և շրջակա այլ երկրների քաղաքականությունը պայմանավորված էր լինում «Իսլամական պետությունով»:

«Գլոբալ փոփոխություն է տեղի ունեցել, ԻՊ-ը չի լինելու, տեղը հիմա եկել է ազգերի ինքնորոշման և այդ սկզբունքի վրա հիմնված մի որևէ սուբյեկտ, որը պահանջներ է ներկայացնում և իր շահերն է առաջ տանում: Քրդական գործոնն է առաջ եկել: Հիմա ականատեսն ենք լինում, թե ինչպես են տարածաշրջանի երկրները սկսում ձևավորել նոր դաշինքներ»,- ասաց նա:

Ստեղծված իրավիճակում է, որ ըստ վերլուծաբանի, Իրանը Իրաքի կենտրոնական կառավարության հետ կատարում է այնպիսի քայլեր, որոնք մեր դիտանկյունից թվում էին քիչ հնարավոր:

«Որովհետև բոլորը հասկանում էին, որ քրդերի հետևում կանգնած էր ԱՄՆ-ը, ամեն դեպքում այդպես էր Սիրիայում, բոլորը գիտեին, թե քաղաքական և դիվանագիտական դաշտում ինչպիսի ներգրավվածություն ունի Իսրայելը, և հիմա արդեն նոր թնջուկ է ձևավորվում Քրդստանի շուրջ: Հիմա, ըստ էության, Մերձավոր Արևելքում շահերի բախման, շահերի համադրման, պետական քաղաքականություն ձևավորելու, վարելու և այլ գործընթացները ձևավորվելու են Քրդստանի շուրջ, քրդական խնդրի շուրջ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել