ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցությամբ կրթության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար պարգևատրել է մի խումբ ուսուցիչների:

Ինչպես տեղեկացնում են ԱԺ–ից, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը, Լոռու մարզի Ստեփանավանի ավագ դպրոցի տնօրեն Սեդա Թունյանը, «Քվանտ» վարժարանի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը, Երևանի Ռուբեն Սևակի անվան համար 151 դպրոցի տնօրեն Իզաբելլա Մարգարյանը, Գավառի ավագ դպրոցի տնօրեն Արեգա Գրիգորյանը, Երևանի համար 159 ավագ դպրոցի փոխտնօրեն Օֆելյա Անտոնյանը, Արարատի մարզի Արտաշատի համար 1 հիմնական դպրոցի ուսուցչուհի Նունե Սահակյանը պարգևատրվել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով:

Պարգևատրված մանկավարժներին ուղղված իր խոսքում ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա առթիվ: Այսօր Ուսուցչի օրն է, տոն, որը ևս մեկ առիթ է գնահատանքի և երախտիքի խոսքեր հնչեցնելու ձեր հասցեին: Շնորհակալություն ձեր անգնահատելի ջանքերի, նվիրվածության, ձեր հայրենասիրության և այն ջերմության համար, որ ամեն օր փոխանցում եք երեխաներին, նրանց միջոցով մեզ, մեր ընտանիքներին»:

Արա Բաբլոյանը մանկավարժներին մաղթել է առողջություն և բարեկեցություն: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել