Կատալոնիայի անկախության գաղափարը, ինչպես բազում անգամ արդեն նշվեց, նոր չէ առաջացել, այլ՝ դեռևս 14-րդ դարում, երբ Կատալոնիան մտավ Իսպանիայի կազմի մեջ։ Սակայն, ինչպես նշվում է, այն միշտ էլ ունեցել է ավտոնոմ կարգավիճակ, ինչը մինչ այսօր էլ կատալոնացիները պահպանում են, սակայն տարբեր ժամանակներում նրանք ունեցել են յուրահատուկ կարծիք ու վերաբերմունք կենտրոնական իշխանության՝ Մադրիդի նկատմամբ։ Դա բոլոր առումներով արտահայտվել է այս երկու, կարելի է ասել, արժեհամակարգի մեջ։ Սակայն այսօր չենք ուզում խոսել այդ հակադրության վերաբերյալ, որն արտահայտվում է կենցաղայինից մինչև քաղաքական հարթություններ։ Ի վերջո, ինչն է պատճառը, որ Կատալոնիան անկախություն է ուզում։ Ի հեճուկս, օրինակ, հայկական կամ արտասահմանյան մամլո տեսությունների՝ այստեղ խնդիրն իսկապես տնտեսական բնույթ ունի, որովհետև 7 միլիոնանոց Կատալոնիան հանդիսանում է Իսպանիայի տնտեսության ՀՆԱ-ի շուրջ 20 տոկոսի երաշխավորը։ Միայն անցյալ տարի (նկատի ունենք 2016 թվականը) Կատալոնիա այցելել է 34 միլիոն զբոսաշրջիկ (հիմնական շարժիչ ուժն է տնտեսության): Իսպանիայի կառավարման մոդելն այնպիսին է, որ բոլոր գումարները մարզերից հավաքագրվում են բյուջե ու հավասարաչափ բաշխվում ամբողջ տնտեսության մեջ, ինչն ի վերջո լցրել է կատալոնացիների համբերության բաժակը։ Թեպետ Իսպանիայի նախորդ վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյի գլխավորությամբ նրանց տրվել են ինքնավարություն ու առավելություններ (օրինակ՝ սեփական հիմն ունենալ), մշակութային առանձնահատկություններ, լեզուն՝ որպես պետական լեզու, ստացել է հատուկ կարգավիճակ, սակայն, ամենայն հավանականությամբ, դա չի բավարարում կատալոնացիներին։ Սակայն անկախություն ստանալու դեպքում, պարզ է, որ Եվրամիությունը չի ընդունելու այդ անկախությունը, հետևաբար եվրոյի փոխարեն կատալոնացիները պետք է ներմուծեն հավելյալ թղթադրամ, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնելու։ 7 միլիոնանոց երկրամասում կտրուկ նվազելու են ներդրումներն ու ֆինանսավորումը, ի վերջո, երկրի չճանաչված լինելը զարգացման համար շատ լուրջ խոչընդոտ է։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, Մադրիդն ու Բարսելոնան կփորձեն բանակցությունների միջոցով համաձայնության գալ, որովհետև այս ամենը ոչ մի լավ բանի չի բերելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել