Վրաստանում նոր սահմանադրություն են ընդունում։ Պառլամենտն արդեն ընդունել է սահմանադրական փոփոխությունները, որոնցում բավականին ուշագրավ դրույթներ կան՝ կապված ընտրական գործընթացների հետ։ Եվ այսպես՝ 2024 թվականից նախագահն ընտրվելու է ոչ ուղիղ քվեարկությամբ, այլ 300 ընտրիչների կողմից։ Այս կարգը սովորաբար կիրառվում է դաշնային կառուցվածք ունեցող երկրներում և անհասկանալի է՝ Վրաստանն ինչո՞ւ է ուզում կիրառել այս փորձը։ 2020 թվականից պառլամենտական ընտրությունների նվազագույն շեմը 5 տոկոսի փոխարեն կլինի 3 տոկոս։ Այս փոփոխությամբ, փաստորեն, հնարավորություն է առաջանում, որպեսզի պառլամենտ անցնեն ավելի շատ քաղաքական ուժեր։ Բայց 2024 թվականի պառլամենտական ընտրություններին 5 տոկոս նվազագույն շեմը կպահպանվի, և ամենաուշագրավ դրույթը հենց այստեղ է, որ 5 տոկոս շեմը չհաղաթահարած ուժերի տոկոսները կգումարվեն ոչ թե պառլամենտ անցած բոլոր կուսակցությունների տոկոսներին՝ ըստ համամասնության, այլ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը։ Վրաստանի նախագահը և որոշ շրջանակներ հատկապես այս դրույթը քննադատում են՝ համարելով ետքայլ ժողովրդավարությունից։ Վրաստանի նախագահն ունի վետոյի իրավունք, և առաջիկայում պարզ կլինի սահմանադրության վերջնական տարբերակը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել