Երեկ աշխատանքից ազատվել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, ում այդ պաշտոնում փոխարինել է Մասիս Մայիլյանը։ Վերջինս Արցախի քաղաքական շրջանակներում նախընտրելի թեկնածու է թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թեկնածուների համար։ Բոլորը նրա մասին գովասանքով են խոսում։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Կարեն Միրզոյանը վատ մասնագետ էր, և չի բացառվում, որ նրան մեկ այլ հանձնարարականով ուրիշ պաշտոնի նշանակեն։ Նրբությունն այլ տեղ է։ Իհարկե, սա բացատրվում է նրանով, որ Արցախի հանրապետությունն անցնում է կառավարման նոր մոդելի նախագահական ընտրություններից հետո, սակայն մի քանի օր առաջ շատ հետաքրքիր իրադարձություն տեղի ունեցավ, և հակված ենք Միրզոյանի հրաժարականը կապել հենց այդ դրվագի հետ, իսկ մտայնությունը հետևյալն է. Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել էր, որ բանակցություններ են գնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ որոշակի տարածքների վերադարձի վերաբերյալ, որոնք անվտանգության առումով Արցախի համար որևէ սպառնալիք չեն ներկայացնում։ Թե ինչ տարածքների մասին է խոսքը, նախարարն այդպես էլ չէր մանրամասնել, սակայն Արցախից մասնավորապես պատասխանել էին, որ որևէ այդպիսի տարածք չեն ճանաչում, որը չի վնասի Արցախի անվտանգությանը։ Դա հենց Կարեն Միրզոյանն էր։ Այլ կերպ ասած՝ ԼՂՀ-ից կոնկրետ դեմ հանդես եկան այս հայտարարությանը, որին հետո Նալբանդյանը ստիպված էր պատասխանել, որ խոսքը կոնտեքստից կտրված է եղել և վերաբերում է մադրիդյան սկզբունքների կետերին, որոնց մասին հայկական կողմը միշտ էլ խոսել է։ Այսինքն՝ Միրզոյանը տեսականորեն կարող է նման հայտարարություն թույլ տալ իրեն, սակայն դժվար դա չհամաձայնեցներ ԼՂՀ բարձրագույն իշխանությունների հետ։ Թեպետ եթե չի համաձայնեցրել, միգուցե հենց դրա համար է հրաժեշտ տվել իր պաշտոնին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել