Yerkir.am-ը գրում է.

Առաջընթացի ու զարգացման ոչ մի ծրագիր չի կարող կյանքի կոչվել խաղաղության ու անվտանգության բացակայության պայմաններում, դրանք անսակարկելի արժեքներ են. Հայաստան-Սփյուռք համաժողովի փակման նիստի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նա նշեց նաև, որ այս առումով ցանկացած զիջում կարող է հանգեցնել անուղղելի ճակատագրական հետևանքների:

«Հայաստանի սահմանների անվտանգությունն ու խաղաղությունն անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Ի դեմս ազատ Արցախի` ավելի քան քառորդ դար անհերքելի իրողություն է հայկական երկրորդ պետության գոյությունը: Աշխարհի շատ երկրների խորհրդարաններում ունենք բարեկամներ, ովքեր կիսում են Արցախի ժողովրդի երազանքներն ու սատարում նրանց: Արցախը համահայկական երազանքի մարմնավորումն է»,- ասաց Բաբլոյանը:

Նա նշեց նաև, որ բոլորս էլ վստահ ենք մեր զինվորի ու սպայի ոգու վրա, մեր բանակն օր օրի ուժեղանում է նաև մեր` բոլորիս օգնությամբ:

«Բացի այդ` որևէ քննարկում, բանակցություն կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անկախության և անվտանգության գաղափարին, խաղաղության գաղափարին: Այս մասին երեկ ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասաց Բաբլոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել