Մեր բանակն ընդհանրապես, իսկ սահմանը՝ մասնավորապես, աննըդհատ տեխնիկական սարքավորումների թարմացման կարիք ունեն: Այնպես չէ, որ սահմանի որոշակի հատվածը վերազինեցիր ժամանակակից տեսանկարահանող և կապի միջոցներով, ուրեմն՝ այդպիսով կարող ես այդ հատվածի հարցը լուծված համարել: Բարձր տեխնոլոգիաների այս լուսավոր դարում գիտությունը զարգանում է շատ արագ տեմպերով, և օրինակ, մեկ տարի առաջվա տեղադրվածն այսօր արդեն համարվում է բարոյապես մաշված տեխնիկա: Սա ես ասում եմ, որպեսզի մոտավոր կարծիք կազմվի այն բանի մասին, որը կոչվում է բանակն անընդհատ ուշադրության կենտրոնում պահել: Եթե ժամանակին տեսանկարահանող սարքն ի վիճակ էր դիտարկել միայն մեկ ուղղություն, ապա հետո տեսանկարահանող սարքերն ունեին հնարավորություն 380 աստիճան պտույտ կատարելու և դիտարկում կատարելու, հետո արդեն եղավ այնպես, որ չափերը փոքրացան, հայելու անդրադարձը պակասեց և այլն, և այլն... Ասելիքս ցանկանում եմ բերել նրան, որ բանակաշինությունը պահանջում է մշտական, հետևողական աշխատանք, այստեղ ներդրումները մշտապես են ու արդարացված, մշտապես են այնքան ժամանակ, քանի դեռ մենք թղթի վրա չունենք խաղաղությունը հաստատող ստորագրություն մեր հարևան, բայց ոչ բարեկամ երկրի կողմից...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել