Yerkir.am-ը գրում է.

Շուրջ երկու ժամ է Ազգային ժողովում քննարկում են ՀՀ-ում իրականացվող գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացին վերաբերվող հարցերը: Հիշյալ խնդիրներն իրենց արտացոլումն են գտել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծում:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, ներկայացնելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը նշեց, որ նորկայումս գենետիկ ինժեներիայի գործունեությամբ զբաղվելու համար նախատեսված ընթացակարգերը մեծ թվով փաստաթղթաշրջանառություն են պահանջում: Նախագծերի նպատակն է գենետիկ ինժեներիայի լիցենզավորման գործընթացը իրականացնել ծանուցմամբ, էականորեն կրճատել ներկայացվող փաստաթղթերը եւ սահմանել ծանուցում ներկայացրած անձանց լիազոր մարմնում հաշվառման կարգը, ինչպես նաեւ գործնականում պահանջվող վայրից դուրս իրականացվող բժշկական օգնության եւ սպասարկման որոշակի տեսակների համար վերացնել առանձին լիցենզիայի պահանջը եւ պետական հիմնարկների կողմից տրամադրվող բժշկական օգնության ու սպասարկման համար լիցենզավորման պահանջի սահմանումը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե ինչու՞ նախագծում չի տրվել «գենետիկ ինժեներիա» եզրույթի սահմանումը:

«Ուղղակի անունը բերել` գրել, բայց չսահմանել, թե ինչ է` ճիշտ չէ»,-նկատեց նա:

Նիկոլ Փաշինյանն իր ելույթում, գիտական եզրույթի մասին, ասաց. «Մենք օրենսդրության մեջ գրում ենք , որ պարզեցնում ենք գենետիկ ինժեներիայի լիցենզիայի ընթացակարգը, բայց չենք սահմանում, թե ինչ ասել է գենետիկ ինժեներիա: Ասում են, դե գիտությունը սահմանել է գենետիկ ինժեներիան, մենք էլ ինչ սահմանենք, կամ կա քվանթային ֆիզիկա, հո չենք դնի նորից սահմանենք, : Սակայն մի տխուր փաստ` ՀՀ օրենսդրությամբ օրինակ սահմանված է ` ինչ ասել է անտառ, դեղ, բանկ, բանկային գորխունեություն, ջրային ռեսուրսներ, ընդերք և այլն, թեև ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է անտառը, կամ ինչ է դեղը: Մեր օրենսդրության մեջ «անտառը» սահմանել ենք, բայց ասում ենք գենետիկ ինժեներիան ի՞նչ է , որ սահմանենք, 5000- ամյա ազգ ենք, դա ի՞նչ է, որ չիմանանք, սա ճիշտ մոտեցում չէ»,-ասաց նա` հիշելով Սասունցի Դավիթ Էպոսը:

«Երբ որ Սասունցի Դավիթին գալիս` ասում են առյուծը եկել, ճամփեն փակել ա` ասում է` առյուծն ի՞նչ է, պատասխանում են` գազանների ջոջն է, հարցնում է` հեռվից կուտի, թե՞ մոտենաս` նոր կուտի, հիմա ժողովուրդ, եկեք հստակ սահմանենք` էդ գենետիկ ինժեներիան հեռվից ա ուտում, թե՞ մոտիկից »: Ի պատասխան` Սերգեյ Խաչատրյանը կատակեց. «Գենետիկ ինժեներիան ոչ հեռվից ա ուտում, ոչ մոտիկից»:

Փոխնախարարի խոսքով` գենետիկ ինժեներիան նոր չէ, խնդիրը դրա գործունեության տեսակի լիցենզավորման ձևի պարզեցումն է: Նա հայտնեց, որ այս հարցը ներկայացված է եղել նաև նախորդ խորհրդարանում, իսկ այժմ վերջնական լուծման կարիք ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել