Մունիցիպալ ընտրություններ էին երեկ Մոսկվայում, որի մասին ռուսական մամուլն այնքան էլ շատ չի խոսել։ Առաջին տվյալների համաձայն՝ «Եդինայա Ռոսիան» քաղաքային օրենսդիրում մեծամանություն է ունենալու, սակայն մեծ թիվ են կազմել նաև ընդդիմությունից հաղթողները. մասնավորապես՝ «Յաբլոկո» ու «Արդար Ռուսաստան» կուսակցություններն անհատական մակարդակում կարողացել են ներկայանալի անդամներ ապահովել քաղաքային Դումայում։ Նշենք, որ, օրինակ, ՌԴ Պետդումայում երկրորդ ու երրորդ ուժերը՝ Կոմունիստական ու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունները, որոնք քաղաքային դումայում պարտություն են կրել, ուժեղ են Ռուսաստանի մարզերում։ Մեծ քաղաքներում իրավիճակը փոքր-ինչ այլ է, որովհետև այստեղ հավաքված են Ռուսաստանի ավելի առաջադեմ զանգվածները, որոնք հին ավանդական կուսակցությունների հանդեպ բավականին սկեպտիկ վերաբերմունք ունեն։ Այդ իսկ պատճառով Մոսկվայում պարտություն են կրել։ Չի բացառվում, որ այս ընտրություններն արտախորհրդարանական ընդդիմության համար ծառայեն որպես հաջողված փորձ, արդեն նախագահական ընտրություններում միավորվելու ու Վլադիմիր Պուտինի դեմ միասնական կերպով հանդես գալու համար։ Դրա համար առավել քան նպաստավոր պայմաններ են ստեղծվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել