Այսօր գիշերը Վրաստանում հայկական ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թվում ազգությամբ հայեր կան։

Ինչպես նշվում է ՀՀ ԱԳՆ-ի Facebook-յան էջում, ըստ Վրաստանում ՀՀ դեսպանության նախնական տվյալների, սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեփանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն:


«ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին, արագ ապաքինում մաղթում տուժածներին»,- նշվում է արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր գիշերը՝ ժամը 04։00-ի սահմաններում, Նատախտարիի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի և Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղևորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղևորներից 11 մարդ դիմել է բժշկական օգնության։

Կայքի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երևանի 16-րդ թաղամասի բնակիչ Գոռ Թադևոսյանի անվամբ և ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել