Սեպտեմբերի 2-ին, ի ցույց Հայքի, ԵԼՔ դաշինքը միասնության խորագրով քեֆ արեց: Իրար հասցեին քաղցր խոսքեր ձոնվեցին, պաչ-պռոշտ, կենացներ... Ընդհանուր առմամբ այդ պերֆոմանսը կոնցեպտուալ առումով ՀՀԿ-ԲՀԿ ֆորմատի հավաքից չէր տարբերվի, եթե նույն պահին Բելգիայի անկյուններից մեկում չքննարկեին Լուսավոր Հայաստանի՝ ALDE ալյանսին միանալու սեպարատ հայտը: Մինչդեռ կենաց ասողներն, իրենց թշնամիների (որոնք նաև իրենց երբեմնի հարազատ համահեղափոխականներն էին) հետ համագործակցելով, ամեն ինչ անում են, որպեսզի ամսի 8-ին ALDE-ն մերժի իրենց «սիրելի» դաշնակիցների հայտը:

Սա է այն ամենը, ինչը պետք է իմանալ քաղաքականապես սնանկ կառույցների ճառերի մասին՝ անկախ նրանից՝ որտեղ են դրանք արտաբերվում՝ փողոցում, ԱԺ-ում, թե «մի կտոր» հաց կիսելիս: Ո՛չ, պարոնայք, սա քաղաքականություն չէ։ Անունն ինչ ուզում եք, դրեք՝ տասովկա տենալ, թայֆա շինել, հարց լուծել, վլաստ վեգալել վերջիվերջո, բայց քաղաքականություն մի դրեք անունը, չեք կարա, չի լինում տենց:

Քաղաքականության մեջ Վոլտերն ու Ռուսոն վիճում էին Հանրային պայմանագրի տեսության կիրառելիության մասին, և այդ ամենի համար հազարավոր մարդկանց արյուն էր թափում: Մինչդեռ դուք որոշում եք իշխանության որ մասնիկը կարա վերարտադրվի, իսկ որը չի կարա, ըստ ձեր անձնական շահագրգռվածության, և այդ համատեքստում պատրաստ եք սրբադասել ցանկացած խաբեբայի ու հանցագործի, եթե նրանք այդ պահին ձեր կողմից են...

Չի կարա գաղափարից զուրկ մարդը զբաղվի քաղաքականությամբ. այն, ինչով որ դուք եք զբաղվում, քաղաքականություն կոչվել չի կարող։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել