Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանին, աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել «Էրեբունի-Երևան 2799» միջոցառումների ծրագրի շրջանակում սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների հերթական այցելությունը հոկտեմբերի 28-ին կազմակերպելու ուղղությամբ:

«Արդեն 5 տարի է, ինչ բարի ավանդույթ ենք դարձրել տարին առնվազն երկու անգամ սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ զինծառայողների ծնողների զորամասեր այցելությունների կազմակերպումը: 
Ըստ այդմ, սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի հետ, պատշաճ նախապատրաստվեք հոկտեմբերի 28-ին հերթական այցի կազմակերպմանը։ 
Հատուկ ուշադրություն դարձրեք, որպեսզի իրենց զինվոր որդիներին այցելելու և տեսակցելու ցանկություն ունեցող բոլոր ծնողներն ընդգրկվեն ծրագրում», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրի շնորհիվ իրենց զավակներին այցելելու ու տեղերում նրանց ծառայության պայմաններին ծանոթանալու հնարավորություն այս տարիների ընթացքում ունեցել է երևանաբնակ զինծառայողների ավելի քան 9000 ծնող, որից շուրջ 1700-ը՝ այս տարվա ապրիլին կազմակերպված համանման այցելության շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել