Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսությունները` 99 տոկոսից ավելին ունեն հեռուստացույց, իսկ 96 տոկոսը` բջջային հեռախոս: Այս մասին վկայում է «Հայաստանի ժողովրդագրության և առողջապահության հարցերի հետազոտություն. 2015-16 թվականներ» զեկույցը:

«Տնային տնտեսությունների 69 տոկոսն ունի համակարգիչ, և նույնքան տնային տնտեսություններ էլ ունեն համացանց: Տասը տնային տնտեսություններից 4-ն ունեն մարդատար կամ բեռնատար մեքենա: Ընդ որում, քաղաքային բնակավայրերի համեմատությամբ, մարդատար կամ բեռնատար մեքենա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինն ավելի մեծ է գյուղական բնակավայրերում` համապատասխանաբար 34 և 48 տոկոսը»,- նշված է զեկույցում:

ՀԺԱՀ-ի համաձայն` Հայաստանում 15-49 տարեկան կանանց և տղամարդկանց մեծամասնությունն ունի միջնակարգ կրթություն:

«Կանանց ընդամենը 7 և տղամարդկանց 13 տոկոսն ունեն հիմնական կրթություն: Տասը կանանցից և տղամարդկանցից 3-ն ունեն բարձրագույն կրթություն»,- ասված է զեկույցում:

Հայաստանում տնային տնտեսությունները միջինը բաղկացած են 3.5 անդամից:

Տնային տնտեսությունների մեկ երրորդում գլխավորը կինն է:

«Տնային տնտեսությունների բնակչության մոտ 20 տոկոսը մինչև 15 տարեկան անձինք են»,-նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի` Հայաստանում գրեթե բոլոր տնային տնտեսությունների համար հասանելի է խմելու ջրի բարելավված աղբյուր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել