Մեզանից շատերը շատ հաճախ մեր խոսքի մեջ անփութորեն մեծ սխալ ենք գործում, երբ հանրապետության նախագահի, կառավարության կամ ԱԺ-ի վերաբերյալ օգտագործում ենք իշխանություն, առավել ևս` իշխանություններ բառը: Առաջին հերթին իշխանություններ տերմինը լեզվաբանական և իրավագիտական տեսանկյունից արդեն իսկ անհեթեթություն է, որովետև գոյություն ունի միայն մեկ միասնական պետական իշխանություն, այլ ոչ թե իշխանություններ, և երկրորդ` թե´ նախագահը, թե´ կառավարությունը և թե´ ԱԺ-ն իշխանություն չեն և չեն կարող այդպիսին լինել բառի բուն իմաստով: Ի վերջո նաև պարզ է մի բան, որ ո՛չ ներկայիս ինքնահռչակ կառավարությունը, ո՛չ հասարակության իրական տրամադրությունները չարտահայտող ԱԺ-ն և ո՛չ էլ առավել ևս ոչընտիր «նախագահը» ոչ մի պարագայում չեն կարող դիտարկվել որպես իշխանություն, քանի որ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է միայն մեկ գերագույն իշխանություն. դա ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ազատ և արդար ընտրությունների ու հանրաքվեների միջոցով: Այլ իշխանություն Սահմանադրությունը չի ճանաչում: Պարզ է նաև, որ անգամ ազատ և արդար ընրությունների միջոցով ձևավորված պետական մարմինները կամ իշխանության եկած ուժերն ու անձինք չեն համարվում իշխանություն բուն իմաստով, քանի որ նրանց իշխանությունը ինքնիշխան չէ, այն ածանցվում է գերագույն իշխանությունից, որը պատկանում է ժողովրդին, այլ կերպ ասած` նրանք ընդամենը գերագույն իշխանության միակ աղբույրի` ժողովրդի ներկայացուցիչներն են: Բնականաբար ոչ արդար, կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած նախագահը և կառավարութունը ոչ միայն իշխանություն չեն, այլև զավթիչ, օկուպանտ և իշխանությունն ապօրինի յուրացնող: Եվ սա է ամենամեծ պետական հանցագործությունը, իսկ բոլոր նրանք, ովքեր առիթը բաց չեն թողնում մեղադրելու ընդդիմությանը հակապետականության մեջ, կամ պարզապես չեն կարդացել Սահմանադրության համապատասխան հոդվածը, կամ էլ կարդացել են և գլուխ չեն հանել դրանից: Իսկ մայր օրենքն ուղղակիորեն սահմանում է, որ պետական իշխանության միակ աղբյուրը, կրողը ժողովուրդն է, այլ ոչ թե կառավարությունը, պաշտոնյաները և ոչ էլ առավել ևս` ոչընտիր «նախագահը»: Պետությունը ես եմ, դու ես, պետությունը մենք ենք՝ ժողովուրդը, իսկ ժողովուրդն երբեք չի կարող իր դեմ լինել, ժողովուրդը չի կարող հակապետական լինել: Հակապետական է նա, ով կեղծել է ընտրությունը և յուրացրել մեր` ՀՀ քաղաքացիներիս պատկանող իշխանությունը: Այս մասին եմ խոսում վաղվա` ապրիլի 9-ի հանրահավաքի համատեքստում, քանի որ հանրավաքը մեր` ՀՀ ինքնիշխանությունը կրող քաղաքացիներիս ազատ կամարտահայտման դրսևորումն է: Այսօր, երբ իշխանությունը զավթվել, յուրացվել է մեկ անձի կամ անձանց խմբի կողմից, հանրահավաքը դարձել է ժողովրդի իշխանության օրինական արտահայտման միակ ձևը: Հայաստանի Հանրապետությունն այսօր գոյություն ունի միայն հանրահավաքի տեսքով: Հանրահավաքն է այսօրվա Հայաստանում միակ լեգիտիմ իշխանությունը, և հանրահավաքն է մեր պետական մարմինը, մեր նախագահն ու կառավարությունը: Եվ ուրեմն` բոլորս դեպի ազատ ժողովրդի ազատ կամքի դրսևորման տոն` ապրիլի 9-ի Համահանրապետական Հանրահավաքի` նոր Հայաստանի կերտմանը մասնակցելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել