ATV հեռուստաընկերության նոր եթերաշրջանում մեկնարկում է «Անհայտ հասցե» նախագծի երկրորդ եթերաշրջանը: Այն իր տեսակով միակ հեռուստանախագիծն է հայկական եթերում, որտեղ մասնակիցները երկու ամիս շարունակ ապրելու են անտառներում և լեռներում: Մասնակիցների միակ խնդիրն է փորձություններ հաղթահարելով վաստակել իրենց օրվա սնունդը և ստանալ միավորներ: Նկարահանումներն արդեն ավարտվել են և այսօր նախագծի հեղինակ-հաղորդավար Արայիկ Համբարձումյանը և պրոդյուսեր Սահակ Ասատրյանը BlogNews.am-ի հետ զրույցում մանրամասներ են պատմել նկարահանումների ընթացքից:  

«Սա նախագծի արդեն երկրորդ եթերաշրջանն է, բայց պետք է ասեմ, որ մեր սպասելիքներն արդարացան: Նախագծի մասնակիցները թվով քսանն են՝ տարբեր տարիքային խմբի մարդիկ, ովքեր փորձել են դրսևորել իրենց հնարավորությունները, որպեսզի կարողանան երկար մնալ նախագծում»,- պատմում է Արայիկ Համբարձումյանը: 

Բավականին էքստրեմալ իրավիճակներում հայտնված մասնակիցները տարբեր փորձությունների են ենթարկվել, որոնց արդյունքում հետաաքրքիր դրվագներ են գրանցվել: Շատ չբացելով փակագծերն՝ ամեն դեպքում մեր ընթերցողի համար բացառություն արեցին. «Յուրաքանչյուր օր նոր փորձություն էր լինում, նոր առաջադրանքներ, որոնք այս եթերաշրջանում շատ ավելի զզվելի և բարդ էին: Օրինակ՝ առաջադրանքներից մեկի ժամանակ պետք է արյուն խմեին, բայց մասնակիցները չգիտեին՝ ինչ արյուն է։ Նրանք դեմքի զզվելի արտահայտություն ընդունելով փորձեցին խմել, բայց թե ինչի արյուն էին խմում, կիմանաք հաղորդման ժամանակ: Միայն կասեմ, որ գտնվեցին ուժեղներ, ովքեր խմեցին այդ արյունը»:

Արայիկը նաև պատմում է, որ եղան մասնակիցներ, ովքեր ճանապարհի կեսից որոշեցին հանձնվել, օրինակ՝ եղավ մի օր, երբ նրանց սոված էին պահել, քանի որ նրանք առաջադրանքն այդքան էլ լավ չէին կատարել. «Այս ամենի արդյունքում մասնակիցներից մեկն ուշագնաց եղավ, որից հետո, երբ նրան ուշքի բերեցինք, նա փորձեց ինքնակամ լքել նախագիծը, նույնիսկ փախուստի դիմեց, որն, ըստ պայմանագրի, անթույլատրելի էր: Բայց նրա խաղընկերները նրան համոզեցին և հետ բերեցին: Ի դեպ՝ նա նույնիսկ եզրափակիչ հասավ»:

Արայիկը նշում է, որ նախագծում սիրահարվածություն է եղել, բայց վեճերից չեն խուսափել. «Հեռուստադիտողը կտեսնի համբույրի տեսարաններ, մասնակիցների կոնֆլիկտը: Նախագծում զույգ է ձևավորվել, բայց այնպես է ստացվում, որ փորձության ժամանակ զույգերը տարբեր մասնակիցների հետ են ընկնում: Ու արդյունքում վիճաբանություն է սկսվում: Ունենք բաց տեսարաններ, որոնք ևս ցուցադրվելու են. մասնակիցներն, օրինակ, լողանում էին գետի ջրում»:

Նախագծի պրոդյուսեր Սահակ Ասատրյանն էլ խոստանում է, որ հեռուստադիտողին հետաքրքիր դրվագներ են սպասվում. «Ամեն ինչ լինում է բացահայտ։ Սա, իհարկե, ռեալիթի շոու է, բայց հիմնված է իրականության վրա: Հաճախ լինում է, որ նման նախագծերի ժամանակ ցույց չեն տալիս այն, ինչ կադրից դուրս է, բայց մեր նախագծում այդպես չէ: 24 ժամ նկարահանումներ են եղել, և ամեն ինչ հնարավոր է այստեղ տեսնել՝ ամենաբաց տեսարանները, վեճերը: Այս եթերաշրջանը նախորդին, միանշանակ, գերազանցելու է»: 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել