«Բոլոր համաշխարհային կրոնները, առանձնահատուկ նշանակություն տալով սիրուն, կարեկցանքին, համբերությանը, հանդուրժողականությանը և ներմանը, կարող են նպաստել հոգևոր արժեքների զարգացմանը, և անում են դա: Բայց այսօր համաշխարհային իրականությունն այնպիսին է, որ էթիկան կապելը կրոնի հետ այլևս իմաստ չունի: Այդ պատճառով ես գնալով ավելի եմ համոզվում, որ եկել է հոգևոր և էթիկայի հարցերում ընդհանրապես առանց կրոնի գործելու ժամանակը»,- այս խոսքերը Դալայ լաման գրել էր իր ֆեյսբուքյան էջում: 

Տիբեթցի հոգևոր առաջնորդը մեջբերել էր խոսքեր իր «Կրոնից դուրս. էթիկան ողջ աշխարհի համար» գրքից, որը հրապարակել էր 2011 թ. և որում պնդում է, որ կրոնն ինքնին չի կարող համաշխարհային դժվարությունների բարենպաստ լուծում ապահովել:

«Մեր ներքին արժեքների անտեսման խնդրի ցանկացած, կրոնի վրա հիմնված լուծում երբեք չի կարողանա ունիվերսալ լինել, և համապատասխանաբար, ոչ պիտանի կլինի: Մեզ այսօր պետք է այնպիսի մոտեցում էթիկային, որն օգնության համար չի դիմում կրոնին և կարող է նույնանման ընդունելի լինել և՛ հավատացյալների, և՛ անհավատների համար. դա աշխարհիկ էթիկան է»,- գրում է նա:

Դալայ լաման սիրում է ասել. «Էթիկայի և կրոնի տարբերությունը նման է ջրի և թեյի տարբերությանը: Էթիկան առանց կրոնական բովանդակության ջուր է, որը կենսականորեն անհրաժեշտ է առողջության և գոյության համար: Կրոնի հետ խառնված էթիկան թեյ է՝ ջրի, թեյի տերևների, համեմունքների, շաքարավազի, Տիբեթում՝ նաև 1 պտղունց աղի սննդարար և բուրավետ խառնուրդ»:

«Բայց թեյն ինչպես էլ պատրաստված լինի, հիմնական բաղադրիչը միշտ ջուրը կլինի»,- ասում է նա: «Մենք կարող ենք ապրել առանց թեյի, բայց առանց ջրի չենք կարող: Ճիշտ նույն կերպ մենք ծնվում ենք կրոնից ազատ, բայց չենք ծնվում կարեկցանքի անհրաժեշտությունից ազատ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել