Tert.am-ը գրում է.
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի աճը կապված է նրա հետ, որ Ռուսաստանի քաղաքացիները կարողանում են ներքին անձնագրերով գալ ՀՀ, ինչպես նաև զբոսաշրջիկների ներհոսքի ավելացման հարցում մեծ է պարբերաբար անցկացվող փառատոնների դերը: Բայց այն ներուժը, որ Հայաստանն ունի զբոսաշրջության ոլորտում, դեռ լիովին չի օգտագործվում: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել էր զբոսաշրջության ոլորտի 2017թ. առաջին կիսամյակի ցուցանիշները, ըստ որի՝ 2017թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 622 381 զբոսաշրջիկ, որը 2016թ. նույն ժամանակաշրջանի համեմատ 24.2%-ով ավելի է:

Նավասարդյանի խոսքով՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների մասով զգալի փոփոխություններ այս շրջանում չեն եղել, բայց փաստ է, որ վերջերս ավելի շատ են փառատոններ իրականացվում, որոնք նպաստում են զբոսաշրջիկների ներհոսքի աճին: Ընդ որում, նման միջոցառումներ իրականացվում են թե՛ Երևանում, թե՛ մարզերում:

«Փառատոններ, իհարկե, խթանում են զբոսաշրջությունը, այդ ավանդույթը պետք է շարունակվի, բայց միայն փառատոններ անելով խնդիրը չի լուծվի: Համայնքները պետք է մշակեն որոշակի ծառայություններ, նոր պրոդուկտներ, և աշխատելով տուրիստական ընկերությունների հետ փորձեն տուրփաթեթներում ներառել նոր ծառայությունը: Օրինակ՝ լավաշ թխելու կամ չիր սարքելու գործընթացը դիտարկել: Մեզ համար դա կարող է սովորական պրոցես է, բայց արտասահմանցիների համար բավականին հետաքրքիր է»,- նշեց Նավասարդյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել