Էս մի քանի պարբերությունը կարդացեք, ու եթե հետաքրքրեց, կխոստանամ, որ ամբողջը շատ չեմ ուշացնի։

«ՄԻԱՆՁՆՈՒՀԻՆԵՐԸ»
Բարձր խորհուրդը որոշեց Տեղահանվածիս աչքից ու իր մութ գործերից հեռու մի աքսորավայր ուղարկել հույսով, որ կկորեմ ու վերջ։ Բայց քանզի հաճախ ապրել եմ ոչ միայն հանուն, այլ նաև ի հեճուկս սկզբունքով, աքսորավայրը կամաց-կամաց սկսեց զարգանալ ու կենդանանալ։ 
Բնական է, առողջություն քայքայվեց, տարիներ կորսվեցին։ 
Ծիծաղելին աքսորողների մտահոգությունն էր. 
- Живучим оказался гад.
Դաժանը՝ աքսորավայրս. ՄԵՆԱՍՏԱՆ։
Ավաղ, իսկ գուցե արդեն բարեբախտաբար, շատ ժամանակ չունեմ, ու երկնային օրերս երկար չեն ձգվելու։ Տարիքս առել եմ, կյանքիս մեծ մասն անց եմ կացրել այս մենաստանի պատերի ներսում, տեսել եմ և՛ չարը, և՛ բարին։ Եվ միշտ աղոթել եմ, աղոթել եմ խաղաղության ու մարդկային հոգիների փրկության համար։ Եվ քանի դեռ հիշողությունս չի լքել մարմինս հոգնած, կպատմեմ երբևէ ինձ հանդիպած ամենայուրահատուկ հինգ միանձնուհիների մասին, ովքեր այս մենաստան եկան տարբեր տարիների, մտերմացան, փորձեցին թողություն տալ իրենց անսահման մեղքերին, ու մի օր էլ, հինգը միասին ու միաժամանակ, լքեցին թե՛ մենաստանը, թե՛ աշխարհն այս բազմաչարչար։ Չգիտեմ՝ Դրախտում են հիմա նրանք, թե դժոխքում, բայց, տեղյակ լինելով նրանց ապրած կյանքի որոշ մանրամասնություններին, լուրջ կասկածներ ունեմ, թե Գաբրիել հրեշտակապետը Դրախտի դռները բացած կլինի (ներիր, Տեր իմ) այդ պիղծ արարածների առաջ։ Եթե երկիրը չհանդուրժեց նման արարածների գոյությունը, երկինքը, վստահաբար, չէր հանդուրժելու...
#Միանձնուհիները

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել