BlogNews.am-ն արդեն մի քանի անգամ իր ընթերցողին ներկայացրել է «Նվագախմբի երեխաները» նախագծի հերոսներին։ Նշենք, որ նկարահանումներն արդեն ավարտվել են մեծ գալա համերգով: Այս անդրադարձում նախագծի կրեատիվ պրոդյուսեր, գաղափարի և սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանը բացում է փակագծերը:

Եթերաշրջանը բաղկացած է տասներկու մասից, իսկ սյուժեի հիմքում երեխաներ են, ովքեր փորձում են մասնակցել հեղինակավոր երաժշտական փառատոնի: Հեռուստադիտողը յուրաքանչյուր սերիայի ժամանակ կտեսնի, թե ինչպես են նախապատրաստվում փառատոնին մասնակցելու համար, դե իսկ արկածները նրանց կյանքից հաստատ անպակաս են: 

 «Նախագծի գաղափարը ունեինք դեռ վաղուց, այն շատ պատահական ծնվեց, երբ աշխատում էինք մեկ այլ նախագծի վրա: Այդ ժամանակ գրվեց նախագծի կմախքն, անգամ գրվեցին մի քանի սերիաներ, բայց ինչ-ինչ պատճառներով արտադրության փուլ չհասավ: Այդպես մնաց դարակում, բայց ես միշտ հավատում էի, որ դա մի օր իրականացնելու եմ: Անցած տարվանից սկսվեցին բանակցությունները «Ucom» ընկերության հետ, և կնքվեց համաձայնություն նախագիծն իրականացնելու համար»,- պատմում է Ջեյմս Նազարյանը: Նախագծի պարուսույցը Քրիստինա Հովակիմյանն է, ում մոտ էլ երեխաները երկար ժամանակ պարով են զբաղվել։ Հեռուստաֆիլմի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը։

Փետրվարից սցենարական խումբը սկսեց աշխատել սցենարի նոր տարբերակի վրա, դրան զուգահեռ՝ սկսվեցին երեխաների քասթինգները, որոնց, ի դեպ, մասնակցում էր մոտ չորս-հինգ հարյուր երեխա: Սցենարի վրա աշխատել են չորսով` Ջեյմս Նազարյանը, Երվանդ Ասլանյանը, Խորեն Թևանյանը, Գուրգեն Մնացականյանը, իսկ սկզբնական տարբերակի վրա աշխատել է նաև Վահե Ենգիբարյանը:

«Մնացել է բուն գաղափարը, իսկ նախկին գրված սցենարից օգտագործվել են սյուժետային գծեր և կերպարներ: Մենք սցենարում չունենք տարանջատված գլխավոր և երկրորդական կերպարներ, կարելի է ասել, որ ունենք տասնհինգ գլխավոր կերպար, որոնք ներգրաված են տարբեր պատմությունների մեջ: Մենք փորձել ենք ստանալ դպրոցի իրարանցումը, որտեղ սովորում են շատ երեխաներ»:

Ջեյմսը նշում է, որ նախագիծն ավելի ընտանեկան ֆիլմ է, քանի որ վստահ է` հավանելու են մեծերը, ծնողները, ուսուցիչները, քանի որ այն ունի շատ մեծ ճանաչողական, ինչպես նաև դաստիարակչական բնույթ: Գրագետ հումորին այս նախագծում առաջնային կարևորություն է տրվել, օրինակ` երեխաները հումոր են անում դասական կոմպոզիտորների մասին:

Թիմը մեծ ուշադրություն է դարձրել նախագծի երաժշտական մասին. նախագծի համար գրվել և ստեղծվել է երեսուն նոր երգ: «Նախագծի երաժշտական պրոդյուսեր Գրիգոր Կյոկչյանը հավաքել է մոտ երեք հարյուր երգ հայ կոմպոզիտորներից և երգահաններից։ Այդ ամենից ընտրվել են լավագույնները, և յուրաքանչյուր սերիայում մենք ունենք մեկ-երկու երգի պրեմիերա: Այս բոլոր երգերը նախագծից հետո, միանշանակ, որպես առանձին ստեղծագործություններ կարող են նաև սիրվել»:

Բոլոր երեխաները քասթինգ են անցել, բայց մինչ այդ նախագծի հեղինակներն այցելել են բոլոր երաժշտական դպրոցները. միակ նպատակն էր, որ երեխաներն ունենային երաժշտական տվյալներ, իսկ հետո արդեն՝ դերասանական. «Մենք երեխաներին փնտրել ենք հստակ կերպարի համար: Ինձ համար շատ կարևոր է նաև, որ երեխաները կարողանան մատուցել այն հումորը, որը գրված է եղել: Իհարկե, երկար ժամանակ երեխաների հետ աշխատել ենք, փորձեր ենք արել»:

Ի դեպ, Ջեյմսը նշում է, որ հայտնիների երեխաները ևս մասնակցել են քասթինգի. «Դալիթային և Մերի Քոչարյանին, ովքեր քիչ թե շատ ունեն անցած ճանապարհ, նույնպես հրավիրել ենք քասթինգի: Կարող է ստեծվել թյուր կարծիք, որ այս նախագիծն արվել է հայտնի երեխաների համար, բայց այդպես չէ: Մենք մեղավոր չենք, որ Գրիգոր Դանիելյանի տղան` Ալբերտոն, կարողանում է այդքան բնական չարաճճի երեխայի կերպար խաղալ, կամ Աննա Մանուչարյանի դուստրը` Արփին, պարում է շատ լավ հիփ-հոփ և նվագում թավջութակ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել