Զարուհի Փոստանջյանը ոչնչություն է որակել «Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու այն երկու անդամներին, որոնց հետ համագործակցությունը դադարեցրել է։ Ըստ նրա՝ այդ մարդիկ կառավարվում են իշխանությունների կողմից։ Զարուհին, իհարկե, ավելի ընդդիմադիր երևալու խնդիր ունի այսօր, որովհետև, փաստացի, մրցակից ունի՝ հանձին «Ելք»-ի, որին նույնպես իշխանական պրոյեկտ է համարում։ Այս յուրօրինակ ինքնամեկուսացումը շատ չէինք համարի, եթե ընդդիմությունն այսքան մասնատված ու սնանկ չլիներ Հայաստանում։ Երևի թե երբեք այսպիսի վիճակ չի եղել։ Հետևաբար, ինչ էլ անի այս պահին Զարուհին, ինչքան էլ իռացիոնալ չհամարվի, միևնույն է, մնում է դերակատար, ու մենք չենք կարող հաշվի չառնել դա, եթե, օրինակ, վերջինս այսօր կոչ անի քաղաքացիներին համախմվել Ազատության հրապարակում ու դժգոհել իշխանություններից։ Ուրիշ մարդու չտեսնելով՝ մարդիկ կգնան նրա հետևից, իսկ որ անկախատեսելի է Զարուհի Փոստանջյանն ու կարող է սահմաններ անցնել, նույնպես շատ քչերն են կասկածում։ Ու կարող է տեղի ունենալ անսպասելին. ավելի հասուն ու փորձառու քաղաքական գործիչներ կարող են պարզապես կողքից հետևել Զարուհու մենահամերգին, իսկ վերջինս կարող է օգտվել իր դոմինանտ դերից ու դիմել կտրուկ քայլերի։ Փաստացի, աշնանը, երբ քաղաքական զարգացումները նոր հունով զարգանան, պետք կլինի արձանագրել, թե, օրինակ, ԵԼՔ-ից ու «Երկիր ծիրանի»-ից ով շուտ կմոբիլիզացնի հանրությանը, կամ, առհասարակ, կգնան դրան այս երկու կուսակցությունները, թե ոչ։ Դատելով այսօրվա մամլո ասուլիսից՝ Զարուհին մարտերի է պատրաստվում: ԵԼՔ-ը արձակուրդում է երևի թե, քանի որ այս թեմայով դեռ ոչ ոք ոչինչ չի խոսել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել